իբրև նրա զինակիր։ Սանչոյին տեսավ թե չէ, նա նախ և առաջ հարցրեց՝ ինչպե՞ս է էշը։ Սանչոն պատասխանեց, թե էշի քեֆը ավելի լավ է, քան տիրոջ։
— Դե, հիմա պատմիր տեսնեմ, բարեկամս, քո ծառայությունից ի՞նչ շահ ունեցար։ Ի՞նչ նվեր ես բերել ինձ համար։ Ոտնամաններ գնե՞լ ես զավակներիդ համար։
— Այդ տեսակ բաներ չեմ բերել,— պատասխանեց Սանչոն,— ավելի լուրջ ու կարևոր բան եմ բերել։
— Շատ ուրախ եմ,— ասաց կինը,— դե ցույց տուր, թե ինչ ավելի լուրջ ու կարևոր բան ես բերել։ Չեմ համբերում, բարեկամս, սիրտս ուրախացրու, ախր ես այնքա՜ն եմ դարդ արել ու սիրտ մաշել քո բացակայության ժամանակ։
— Տանը ցույց կտամ, կնիկ ջան, իսկ առայժմ կասեմ միայն, որ եթե աստված տա, մեկ էլ ճամփա ընկնենք արկածներ որոնելու, ապա շուտով դու ինձ կղզու կոմս կամ վարչապետ կտեսնես, այն էլ ոչ թե մի քոսոտ կղզու, այլ՝ ամենալավի։
— Աստված տա, մարդ ջան, կղզին մեզ շատ ու շատ պետք կգա։ Միայն թե բացատրիր ինձ, ի՞նչ բան է կղզին, ես գլխի չեմ ընկնում։
— Թան չէ, մածուն չէ, ամեն մարդու բան չէ,— պատասխանեց Սանչոն,— վախտը կգա՝ կհասկանաս, կնիկ ջան։ Համա կզարմանաս, հա՜, երբ որ հպատակներդ քեզ ձերդ ողորմածություն կոչեն։
— Ինչե՞ր ես խոսում պայծառափայլությունից, կղզուց, հպատակներից,— հարցրեց Թերեսա Պանսան (այդպես էր Սանչոյի կնոջ անունը, թեև նրանք ազգականներ չէին, բայց Մանչայում ընդունված է կնոջը մարդու ազգանունով կոչել)։
— Մի՛ շտապիր, Թերեսա, ամեն բան միանգամից իմանալ։ Բավական է իմանաս, որ ես ճիշտ եմ ասում և բերանդ փակ պահես։ Կարող եմ քեզ ասել, որ աշխարհիս երեսին ավելի հաճելի բան չկա, քան արկածախնդիր թափառական ասպետի ամենքից հարգված զինակիր լինելը։ Ճիշտ է, պետք է խոստովանել, որ այդ արկածների մեծ մասը մեր ուզածի պես չեն դուրս գալիս, հարյուր արկածներից իննսունինը, սովորաբար, փըստ է անցնում։ Ես սեփական փորձով գիտեմ, պատահել է, որ ինձ վերմակի վրա վեր-վեր են թռցրել, ջարդուբուրդ են արել։ Բայց էլի քաղցր բան է բախտ որոնելը, լեռներ մագլցելը, թափառել անտառներում, վեր ելնել ժայռերը, այցելել դղյակներ, իջևանել հյուրանոցներում ձրի, առանց մի գրոշ վճարելու։
Ահա թե ինչ զրույց էին անում Սանչո Պանսան և Թերեսա Պանսան, մինչդեռ դոն Կիխոտի զարմուհին ու տնտեսուհին, մեկն իր քեռուն, մյուսը՝ տիրոջը դիմավորելուց հետո արդեն նրա շորերը հանել և պառկեցնում էին հին մահճակալի վրա։
Դոն Կիխոտը նայում էր նրանց շաղված աչքերով և գլխի չէր ընկնում, թե որտեղ է։
Քահանան խնդրեց դոն Կիխոտի զարմուհուց խնամել իր քեռուն և ձեռք առնել բոլոր միջոցները, որ նա կրկին տնից չփախչի և պատմեց աղջկան, թե ինչ դժվարություններով է ինքը վերադարձրել նրան։