— Ասելս այն է,— շարունակեց Սանչոն,— որ ձերդ ողորմածությունն ինձ հաղորդի, թե ինչ ռոճիկ է ամսական վճարելու ինձ իմ ծառայության ընթացքում և որ այդ որոշ ռոճիկը դուք վճարեք հիմա, որովհետև նվերներ ստանալու հուսով ես ծառայել չեմ կամենում, քանի որ նվերները կամ ուշ, կամ անպատեհ են շնորհվում, կամ ամենևին չեն լինում։ Իհարկե, եթե գլուխ գա (թեև ես չեմ հավատում և հույս չունեմ), որ ձերդ ողորմածությունը նվիրի ինձ խոստացած կղզին, ես անշնորհակալ և ագահ չեմ լինի։ Ո՛չ, ես կխնդրեմ ճշգրիտ որոշել, թե ինչ եկամուտ կունենամ այդ կղզուց, որ դրանից հանեք իմ ռոճիկը։
— Լսիր, Սանչո,— պատասխանեց դոն Կիխոտը,— ես սիրով քեզ ռոճիկ կնշանակեի, եթե թափառական ասպետների մասին վեպերում ես գեթ մեկ օրինակ հիշեի, թե սովորաբար զինակիրները ինչքան էին աշխատում մեկ տարում կամ մեկ ամսում։ Ուստի, Սանչո բարեկամ, վերադարձէք տուն և հայտնեցեք իմ որոշումը ձեր Թերեսային. եթե նա և դուք համաձայն եք ծառայելու նվերների հուսով՝ լավ, եթե ոչ, ապա կբաժանվենք որպես բարեկամներ։ Ի վերջո կասեմ՝ եթե դուք չեք կամենում նվերների հուսով ծառայել և բաժանել ինձ հետ իմ բախտը, ապա մնաք բարով։ Ես կունենամ զինակիրներ ավելի հնազանդ և ջանասեր, ոչ թե ձեզ պես անշնորհք ու բերանբաց։
Սանչոն որ լսեց տիրոջ հաստատ որոշումը, աչքերը սևացան, և նրա քաջությունը թևաթափ եղավ, որովհետև հավատացած էր, որ տերը չի գնա առանց իրեն։ Շփոթ ու մտամոլոր կանգնած էր նա, երր ներս մտան Սամսոն Կարրասկոն, տնտեսուհին ու դոն Կիխոտի զարմուհին։ Կանայք կամենում էին լսել, թե ինչպես է բակալավրը համոզելու, որ դոն Կիխոտը չգնա արկած որոնելու, իսկ Կարրասկոն, հայտնի հանաքչի լինելով, մոտեցավ նրան, գրկեց ու բարձրաձայն ասաց.
— Օ՜, ծաղիկդ թափառական ասպետության։ Օ՜, ռազմական արվեստի պայծառափայլ լույս։ Օ՜, իսպանական ժողովրդի պատիվն ու հայելին։ Հառա՜ջ, քաջ և հիասքանչ տեր իմ դոն Կիխոտ, թող ձերդ ողորմածությունը, իր ողջ վեհությամբ, ուղևորվի ոչ թե վաղը, այլ այսօր։ Եվ եթե ձերդ շքեղությունը զինակրի կարիք ունի, ապա ես մեծագույն երջանկություն կհամարեի ծառայել ձեզ։
Այստեղ դոն Կիխոտը դիմեց Սանչռյին և ասաց.
— Ի՞նչ կասես, Սանչո, չէի՞ ասում, որ զինակիրներ միշտ կգտնվեն։ Սակայն երկինքը թույլ չի տա, որ ես սեփական հաճույքի համար ջարդեմ ու փշրեմ գիտության այս սյունը և գիտական անոթը, որ ես կտրեմ արգո և ազատ արվեստների այս բարձր արմավը։ Ես կբավականանամ մի ուրիշ զինակրով, քանի որ Սանչոն չի հաճում ուղեկցել ինձ։
— Ոչ, հաճո՜ւմ է,— գոչեց Սանչոն, լցված ու արտասվաթոր։
Դոն Կիխոտն ու Սանչոն գրկախառնվեցին և նորից բարեկամացան։
Մեծն Կարրասկոյի խորհրդով և բարեհայեցողությամբ, որ նրանց համար արդեն պատգամախոս էր դարձել, վճռվեց, որ գնալը երեք օրից կլինի։ Այդ ժամանակամիջոցում պիտի պատրաստվեին ճամփորդության համար բոլոր անհրաժեշտ բաները, պիտի գտնվեր երեսկալը վրան սաղավարտ, որովհետև դոն Կիխոտը հայտարարեց, որ անպատճառ պիտի երեսկալով սաղավարտ