Դևը քաշեց սանձափոկերը և հեզ պատասխանեց.
— Պարոն, մենք դերասաններ ենք։ Այսօր առավոտյան մենք խաղացել ենք գյուղում, որն այն բլրի հետևն է, իսկ երկոյան խաղալու ենք մի ուրիշ գյուղում, որ այստեղից երևում է։ Քանի որ մոտ է, մենք խորհեցինք, որ շորերը հանելն ու կրկին հագնելը ավելորդ աշխատանք կլինի, ուստի և գնում ենք այն զգեստներով, որոնցով խաղում ենք։ Այս տղան ներկայացնում է Մահը, նա՝ Հրեշտակին, այս կինը, մեր տիրոջ տիկինը՝ թագուհուն, ահա նա՝ Զինվորին, մյուսը՝ Կայսրին, ես՝ Դևին։
— Տերը ձեզ հետ, բարի մարդիկ, գնացեք, խաղացեք ձեր ներկայացումը և միտք արեք, չե՞մ կարող արդյոք ես որևէ բանով ձեզ օգտակար լինել, ամենայն սիրով և սրտանց կկատարեմ ձեր խնդիրքը, որովհետև մանկությունից սիրել եմ թատերական դիմակը, իսկ պատանի հասակում դերասաններին նայելուց աչքս չի կշտացել։
Մինչդեռ նրանք այսպիսի զրույց էին անում, բախտի բերմամբ մոտ եկավ այդ խմբի դերասաններից մեկը, որ միմոսի զգեստ էր հագել և վրայից բոժոժներ կախել։ Նրա ձեռքին փայտ կար, որի ծայրին կապած էր երեք եզան փուչիկ։ Մոտենալով դոն Կիխոտին, այդ ծաղրածուն սկսեց փայտով սրախաղություն անել, փուչիկները խփել գետնին, բարձր ցատկռտել, բոժոժները զնգզնգացնել։ Այս վտանգավոր տեսարանն այնպես վախեցրեց Ռոսինանտին, որ չնայած դոն Կիխոտի ճիգերին նրա գլուխը պահելու, ձին գլուխն առավ ու փախավ դաշտ այնպիսի արագությամբ, որ այդ կմախքից ամենևին չէր կարելի սպասել։
Սանչոն, տեսնելով, որ տիրոջը վայր ընկնելու վտանգ է սպառնում, թռավ իր իշուկի վրա և հևիհև սլացավ օգնության։ Սակայն երբ նա տեղ հասավ, տերն արդեն գլորվել էր գետնին և նրա կողքին փռվել էր Ռոսինանտը։
Հազիվ էր Սանչոն էշից վայր ցատկել և վազել դոն Կիխոտի մոտ, որ պար եկող Դևը թռավ նրա էշի վրա և սկսեց զարկել նրան իր փուչիկներով։ Ոչ այնքան ցավից, որքան անհողդողդ հարվածներից էշը վազեց դաշտով դեպի այն գյուղը, որտեղ պիտի տեղի ունենար տոնակատարությունը։ Սանչոն մեկ նայում էր սլացող էշին, մեկ՝ գետնատարած տիրոջը և չգիտեր՝ նախ