Այս էջը սրբագրված է

Մանուկն էլ կարող է համոզել նրան, որ հիմա գիշեր է, մինչդեռ իրոք կեսօր է։ Հոգու այդ պարզության համար ես նրան աչքի լույսի պես սիրում եմ և չնայած նրա ողջ խելագարությանը՝ չեմ կարողանում լքել։

— Եղբայր և տեր իմ,— դիմեց Սանչոյին մյուս զինակիրը,— երր որ մեկ կույր առաջնորդում է մյուսին, երկուսին էլ փոսն ընկնելու վտանգ է սպառնում։ Ավելի լավ չէ՞ր լինի, եթե մենք շուտ տուն դառնանք։ Չէ՞ որ արկածախնդիրները հաճախ այնքան էլ հաճելի արկածներ չեն գտնում։

Այստեղ նա վեր կացավ գնաց և շուտով վերադարձավ, բերելով մի մեծ տիկ գինի և մի գազ երկարությամբ կարկանդակ, որի մեջ այնպիսի մեծ ճագար էր դրած, որ Սանչոն շոշափեց ու վճռեց, թե դա ուլիկ էլ չէ, այլ ամբողջ այծ։

— Ձերդ ողորմածությունը մի՞շտ հետը այսպիսի բաներ է տանում,— հարցրեց նա։

— Իսկ դուք ի՞նչ էիք կարծում,— պատասխանեց մյուսը։— Ես քոսոտ զինակի՞ր եմ, ինչ է։ Ոչ մի գեներալ արշավանքի ելնելուց հետը այնպիսի պաշարներ չի տանում, ինչպիսին ես եմ բեռնել ձիուս գավակին։

Առանց նազուտուզ անելու Սանչոն սկսեց արագ-արագ ուտել, կուլ տալով մեծ-մեծ կտորներ։

— Դուք ճշմարիտ որ հավատարիմ և նվիրված զինակիր եք, ճշմարիտ ու իսկական, շքեղ ու պերճ, ինչպես ցույց է տալիս ձեր սարքած այս խնջույքը, որ ասես թե կախարդանք է, և ոչ թե ինձ նման՝ խեղճ ու ողորմելի։ Խուրջինիս մեջ եղած-չեղածը մի կտոր պինդ պանիր է, որով կարելի է հսկայի գլուխ ջարդել, հետն էլ չորս տասնյակ քաղցր հաց և նույնքան տկողին ու ընկույզ։ Եվ այս ամենի պատճառն այն է, որ իմ տերը աղքատ է և այն կարծիքին է, թե թափառական ասպետները պիտի հետևեն կանոնին՝ բերանը չդնել և չճաշակել այլ բան, բացի չոր մրգից և բուսեղենից։

— Երդվում եմ պատվովս, եղբայր,— առարկեց Անտառի ասպետի զինակիրը,— խոտերը, արմտիքը և վայրի տանձը իմ ստամոքսի համար չեն։ Թող մեր տերերը ինչ կարծիքի կամենան լինեն, ինչ ասպետական օրենքների ուզենան հետևեն և ուտեն, ինչ որ խելքներին փչի։ Իսկ ես սառը մսի պաշար ունեմ և, համենայն դեպս, թամքից կապած մի տիկ գինի։

Վերջապես մեր բարի զինակիրները կշտացան խոսելուց ու խմելուց, և քունը կաշկանդեց նրանց լեզուներն ու հագեցրեց ծարավը։ Շուտով նրանք գրեթե դատարկ տիկը գրկած և դեռ կուլ չգնացած կարկանդակի կտորները բերաններում՝ քուն մտան։

ԳԼՈՒԽ XXXIV
ՈՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՏԱՌԻ ԱՍՊԵՏԻ
ԱՐԿԱԾԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Երկար ու բարակ զրույցից հետո Անտառի ասպետն ասաց դոն Կիխոտին.

— Պարոն ասպետ, թող ձեզ հայտնի լինի, որ բախտի կամքով, ավելի լավ է ասել՝ իմ սեփական ընտրությամբ, ես սիրեցի աննման Կասիլդեա Վանդալիաեցուն։