մոտ վազեց Անտառի աս՛պետի զինակիրը, արդեն առանց քթի, որն այնքան այլանդակում էր նրա դեմքը, ու բղավեց.
— Կա՛նգ առեք, ձերդ ողորմածություն, պարոն դոն Կիխոտ։ Ի՜նչ եք անում։ Ախր ձեր ոտքերի տակ ձեր բարեկամ Սամսոն Կարրասկոն է, ես էլ՝ նրա զինակիրը։
Սանչոն, տեսնելով նրա դեմքն առանց նախկին զարդի, հարցրեց.
— Բա քի՞թդ։
Նա պատասխանեց.
— Դրել եմ գրպանս։
Եվ ձեռքը աջ գրպանը տանելով, նա հանեց հաստ թղթից սարքված դնովի քիթը, իսկ Սանչոն աչքերը սևեռեց զինակրին և զարմացած բացականչեց.
— Մարիա՜մ աստվածածին, դու ինձ ողորմիր, սա իմ հարևան և խնամի Տոմե Սեսիալը չի՞։
— Բա չէ՜,— պատասխանեց դնովի քթից ազատված զինակիրը։— Ես հենց Տոմե Սեսիալն եմ, որ կամ, Սանչո Պանսայի բարեկամն ու խնամին և իսկույն պատմեմ, թե ինչ-ինչ արարքների, խորամանկությունների և դավերի երեսից ես եկա ընկա այստեղ։ Միայն թե աղաչեցեք, պաղատեցեք, որ ձեր տերը ձեռք չտա, չնեղացնի, չվիրավորի և չսպանի նրա ոտքերի տակ մեկնված Անտառի ասպետին, որովհետև, հավատացնում եմ ձեզ, նա ոչ այլ ոք է, քան թե ամբարտավան և անխոհեմ բակալավր Սամսոն Կարրասկոն, մեր համագյուղացին։
Մինչ այս, մինչ այն, Անտառի ասպետը ուշքի էր եկել, և դոն Կիխոտը, տհսնելով այդ, մերկ սրի ծայրր դնելով նրա դեմքին, ասաց.
— Դուք կմեռնեք, ասպետ, եթե ընդունելու չլինեք, որ աննման Դուլսինեա Տոբոսցին իր գեղեցկությամբ գերազանցում է Կասիլդեա Վանդալիաեցուն, բացի այդ, դուք պետք է խոստանաք, եթե միայն այս պարտությունից ու անկումից հետո կենդանի մնալու լինեք, որ կուղևորվեք Տոբոսո քաղաքը և կներկայանաք նրան իմ անունից, իսկ նա արդեն կտնօրինի ձեր բախտը, ինչպես կամենա։ Սակայն անգամ եթե նա ձեզ ազատություն պարգևելու լինի, այնուամենայնիվ դուք պետք է վերադառնաք ինձ մոտ և պատմեք ձեր հանդիպումի մասին։ Բոլոր այս պայմանները չեն խախտում թափառական ասպետականության օրենքները։
— Ընդունում եմ,— պատասխանեց տապալված ասպետը,— որ Դուլսինեա Տոբոսցու կեղտոտ ու պատռած կոշիկը ավելի արժե, քան Կասիլդիաեցու վատ սանրած, թեև մաքուր մորուքը, և խոսք եմ տալիս, որ կերթամ ձեր տիկնոջ մոտ և ետ կգամ ու մանրամասը հաշիվ կտամ, ինչպես դուք եք պահանջում։
— Բացի այդ, դուք պետք է ընդունեք և հավատաք,— շարունակեց դոն Կիխոտը,— որ ձեր հաղթած ասպետը դոն Կիխոտ Մանչացին չի եղել և չէր կարող լինել, չնայած որ ես նման եմ նրան, ինչպես ես եմ ընդունում ու հավատում, որ թեև դուք նմանվում եք բակալավր Սամսոն Կարրասկոյին, բայց էլի դուք նա չեք, այլ ինչ-որ ուրիշ մարդ։ Իմ թշնամիները ձեզ նրա տեսքն են