տվել, որ ես իմ կատաղության թափը զսպեմ ու սանձահարեմ և իմ հաղթանակի պտուղները համեստ չափով վայելեմ։
— Այդ ամենը ես ընդունում եմ,— պատասխանեց գետնատարած ասպետը։— Իսկ հիմա թույլ տվեք՝ վեր կենամ։
Դոն Կիխոտն ու զինակիր Տոմե Սեսիալը օգնեցին, որ նա վեր կենա, իսկ Սանչոն աչք չէր կտրում վերջինից, շարունակ հարցուփորձ էր անում, և զինակրի պատասխանները նրան ակնբախ ապացույցներ էին տալիս, որ իր առջև իրոք Տոմե Սեսիալն էր։ Սակայն դոն Կիխոտի ասածը, թե կախարդները Անտառի ասպետին բակալավր Կարրասկո են այլակերպել, այնպես էր նրան կասկածամիտ դարձրել, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում վստահել սեփական աչքերին։
Տերն էլ, ծառան էլ մնացին իրենց մոլորության մեջ։
ՀԱՍՆԵԼ ԵՎ ՀԱՍԱՎ ԴՈՆ ԿԻԽՈՏԻ ԱՆԼՈՒՐ ԱՐԻՈՒԹՅՈՒՆԸ
ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ԱՐԿԱԾՈՒՄ, ՈՐ ՀԱՆԳԵՑ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԲԱՐԵԲԱՍՏԻԿ
ՎԱԽՃԱՆԻ
Ճամփին երևաց մի սայլ, որը զարդարված էր մի քանի փոքրիկ դրոշակներով։
Երբ որ դրոշակազարդ սայլը մոտեցավ՝ բացի ջորիներից մեկի վրա նստած ջորեպանից և սայլի առաջնակողմում նստած մեկ հոգուց, ուրիշ մարդ չերևաց։
Դոն Կիխոտը սայլի առաջը կտրեց և ասաց.
— Այդ ո՞ւր եք գնում, եղբայրներ։ Սա ի՞նչ սայլ է, մեջը ի՞նչ եք տանում և այդ ի՞նչ դրոշակներ են։
Ջորեպանը պատասխանեց.
— Սայլը իմն է, վրան վանդակ է, որի մեջ ամեհի առյուծներ ենք տանում Օրանի գեներալից նվեր նորին մեծությանը։ Այս դրոշակներն էլ մեր տեր թագավորինն են, նշան, որ մենք արքունական գույք ենք փոխադրում։
— Առյուծները մեծ-մե՞ծ են,— հարցրեց դոն Կիխոտը։
— Այնքան մեծ,— պատասխանեց սայլի առջևում նստածը,— որ նրանցից մեծերը, նույնիսկ սրանց չափ մեծերը դեռ Աֆրիկայից Եվրոպա ուղարկված չեն եղել։ Ես առյուծների վերակացուն եմ, շատ-շատ եմ իմ օրում դրանցից բերել, բայց սրանց նմանը դեռ բերած չկամ։ Առյուծները շատ քաղցած են, ուստի, ձերդ ողորմածություն, բաց թողեք գնանք, շուտով այնպիսի տեղ հասնենք, որտեղ կարելի լինի կերակրել նրանց։
Դոն Կիխոտը, թեթև քմծիծաղով, պատասխանեց.
— Կորյուններ եք ասում, հա՞։ Ես այն մարդկանցից չեմ, որ առույծներից վախենամ։ Քանի որ դուք եք վերակացուն, ապա բարի եղեք իջնել սայլից, բաց արեք վանդակը, բաց թողեք գազաններին, և ես այս դաշտում ցույց կտամ,