Այս էջը սրբագրված է

թե ով է դոն Կիխոտ Մանչացին։ Թող ճաքեն ու տրաքեն այդ առյուծներին ինձ դեմ ուղարկող կախարդները։

Սանչոն մոտ եկավ ու արցունքն աչքերին սկսեց աղաչել.

— Տեր իմ, ի սեր աստծո, ձեռք քաշեք այս առյուծներից, թե չէ նրանք մեզ բոլորիս կհոշոտեն։

Դոն Կիխոտը դիմեց վերակացուին.

— Դոն անբան, եթե իսկույն ևեթ վանդակը բաց չանեք, ես այս նիզակով ձեզ կգամեմ սայլին։

Ջորեպանը իջավ և արագ-արագ սկսեց արձակել ջորիներին, որ հեռու տանի։

— Ուշ դարձրեք, պարոն,— համոզում էր Սանչոն,— այստեղ ոչ մի կախարդանք չկա։ Ես դռնակի փեղկերի արանքից տեսա իսկական առյուծի ճիրանները։ Մի առյուծ, որ այդ տեսակ ճիրաններ ունի, սարի չափ մեծ կլինի։

— Երկյուղից քո աչքին կարող է երկրագնդի կեսի չափ մեծ էլ երևալ,— պատասխանեց դոն Կիխոտը։— Դե՛ն քաշվիր, Սանչո, թող ինձ մենակ, և եթե ես կործանվելու լինեմ, չմոռանաս մեր հին պայմանը՝ կերթաս Դուլսինեայի մոտ, իսկ մնացյալի մասին էչ չեմ խոսում։

Դոն Կիխոտը իջավ ձիուց, նիզակը դեն գցեց, բռնեց վահանը, թուրը քաշեց և դանդաղ քայլով՝ զարմանալի անվեհեր ու հոգեկան հաստատակամությամբ, դիմեց դեպի սայլը։

Վերակացուն տեսնելով, որ դոն Կիխոտը կազմ ու պատրաստ կանգնել է վանդակի դիմաց, բաց արեց դռնակի փեղկերը։

Ահավոր ու ահռելի առյուծը շուռ եկավ վանդակում մի կողքից մյուսը, թաթերը բաց արեց և ամբողջ մարմնով ձգվեց ու դանդաղ հորանջեց, հանեց լեզուն՝ երկու գազ երկարությամբ, լպստեց աչքերն ու մռութը։ Ապա գլուխը հանեց վանդակից և նայեց չորս դին՝ կրակի պես շողշողուն աչքերով։ Նրա տեսքն ու շարժումները ում ասես չէին սարսափեցնի, բայց դոն Կիխոտը ուշիուշով զննում էր նրան և փափագում, որ առյուծը շուտով դուրս ցատկի սայլից, հետը կռվի բռնվի, որովհետև մեր ասպետը հավատացած էր, որ ինքը նրան պատառ-պատառ կանի։ Ահա թե ինչ ծայրահեղ աստիճանի էր հասել նրա խելագարությունը։

Սակայն վեհանձն առյուծն ավելի քաղաքավարի էր, քան հանդուգն։ Նա ուշ չդարձրեց դոն Կիխոտի մանկամիտ կռվասիրության վրա, շուռ եկավ և ցույց տվեց մեր ասպետին իր գավակը, ապա հանգիստ ու անխռով դարձյալ մեկնվեց վանդակի մեջ։

Այդ որ տեսավ դոն Կիխոտը, վերակացուին հրամայեց, որ փայտով մի քանի հարված հասցնի առյուծին, որպեսզի նրան զայրացնի և դուրս բերի վանդակից։

— Ես այդ չեմ անի,— պատասխանեց վերակացուն,— ախր եթե ես նրան չարացնելու լինեմ, նա նախ և առաջ ինձ կհոշոտի։ Եղածն էլ, պարոն ասպետ, արդեն բավական է։ Քաջության իմաստով, սրանից լավ ապացույց հնարել իսկ չի լինի, ուստի պետք չէ փորձել բախտը երկու անգամ։ Դռան փեղկերը բաց են, առյուծը կարող է դուրս գալ, եթե կամենա, բայց քանի որ մինչև