է ամեն գովասանք, օ՜հ, թույլերի մխիթարություն, վայր ընկնողների հենարան, ընկածների պաշտպան, գավազան ու բերկրություն բոլոր դժբախտների։
Դոն Կիխոտը ապուշ կտրեց, Սանչոն՝ շշմեց, իջևանատերը շփոթվեց, մի խոսքով բոլորը ցնցված էին, իսկ տիկնիկների թատրոնի տերը շարունակեց.
— Իսկ դու, բարի Սանչո Պանսա, լավագույն զինակիրը աշխարհիս երեսի լավագույն ասպետի, արիացիր, որովհետև քո կին Թերեսան ողջ և առողջ է և ներկա վայրկյանիս մի գրվանքա կտավհատ է գզում։ Որպեսզի առավել ճշգրիտ լինեմ, կավելացնեմ, որ նրա ձախ կողմից փողը կոտրած մի կուժ կա դրած, մեջը՝ բավական գինի, որ աշխատանքը տաղտկալի չլինի։
— Հիմա ես կասեմ,— սկսեց դոն Կիխոտը,— որ շատ կարդացողն ու ճամփորդողը շատ էլ տեսնում ու իմանում է։ Ասելս այն է, որ ոչ ոք չէր կարող ինձ հավատացնել, որ աշխարհիս երեսին գուշակող կապիկ կա, ինչպես ես հիմա տեսա սեփական աչքերովս։ Այո, ես հենց այն դոն Կիխոտ Մանչացին եմ, որի անունը տվեց այդ փառավոր անասունը, թեև գովասանքի չափն անցավ։
— Իսկ հիմա,— հայտնեց մաեսե Պեդրոն,— դոն Կիխոտի հարգանքից դրդված և նրան բավականություն պատճառելու համար, ես կպատրաստեմ թատրոնս և իջևանատան բոլոր կենվորների համար ձրի ներկայացում կտամ։
Այդ լսելուն պես իջևանատերը, սաստիկ ուրախացած, ցույց տվեց որտեղ ավելի հարմար կլինի սարքել թատրոնը։
Շուտով դոն Կիխոտն ու Սանչոն գնացին թատրոնի տեղը։ Բեմի շուրջը վառ մոմեր էին տնկված, և դրանց լույսի տակ թատրոնը շքեղ ու փայլուն էր երևում։
Մաեսե Պեդրոն բազմեց բեմի կենտրոնում, որովհետև նա պիտի շարժեր տիկնիկներին, իսկ բեմի առջև տեղավորեց իր օգնական տղային, որպեսզի բացատրի ներկայացման բոլոր գաղտնիքները։
Հանկարծ բեմի հետևից լսվեց ծնծղայի և փողերի ձայն և թնդանոթների դղրդոց, սակայն շուտով այդ աղմուկը դադարեց, և տղան բարձրացրեց ձայնն ու ասաց.
— Ճշմարտապատում պատմությունը, որ մենք ներկայացնելու ենք ձերգ ողորմած պարոնների համար, բառ առ բառ առնված է ֆրանսիական ժամանակագրություններից և իսպանական երգերից, որ ամենքի շուրթերին են, ոչ միայն մեծերի, այլև փողոցում վազվզող մանուկների։ Պատմությունը զրուցում է, թե ինչպես դոն Գայֆերոսը[1] ազատեց իր կնոջը՝ Մելիսենդրային, որն իբրև գերի գտնվում էր Իսպանիայում, մավրերի ձեռքին, Սանսուենյո քաղաքում, ինչպես այն ժամանակ կոչվում էր Սարագոսան։ Տեսեք, պարոնայք, դոն Գայֆերոսը զառ է գցում, ինչպես ասված է երգում.
|
Ահա երևան է գալիս մի ուրիշ կերպարանք, թագը՝ գլխին, գավազանը՝ ձեռքին։ Դա Կարլոս Մեծ կայսրն է, գեղեցիկ Մելիսենդրայի ենթադրյալ հայրը։
- ↑ Գայֆերոսը Կարլոս Մեծ կայսեր քրոջ տղան է, իսկ Մելիսենդրան (կամ՝ Մելիսենդան) հարազատ աղջիկը։ Գայֆերոսի և Մելիսնենդրայի նշանադրությունից հետո մավրերը առևանգել էին Մելիսենդրային և տարել Իսպանիա, Ծ. Թ.։