Իր գործը կատարելուց հետո դոն Կիխոտը հավաքեց զենքուզրահը, դրեց նախկին տեղը և վերսկսեց ետ ու առաջ քայլել նույնքան հանգիստ, որքան առաջ։
Մի քիչ հետո, եղելությունից միանգամայն անտեղյակ (որովհետև հարվածից շշմած ջորեպանը ընկած էր մնացել) մի ուրիշ ջորեպան եկավ. նա նույնպես ուզում էր ջրել իր ջորիներին, և երբ ձեռքը մեկնեց զենքուզրահին, դոն Կիխոտը, առանց մի բառ արտասանելու, երկրորդ անգամ մի կողմ դրեց վահանը, երկրորդ անգամ երկու ձեռքով քաշեց նիզակն ու վար բերեց երկրորդ ջորեպանի գլխին այնքան հաջող, որ ոչ թե նիզակը երեք կտոր եղավ, այլ գանգը՝ չորս։
Աղմուկի վրա վազեվազ հավաքվեցին իջևանողները, նրանց հետ՝ նաև իջևանատերը։
Վիրավորված ջորեպանների ընկերները, տեսնելով յուրայիններին գետնին փռված՝ հեռվից սկսեցին քարկոծել դոն Կիխոտին, որը, ինչքան կարող էր, պաշտպանվում էր վահանով, բայց չէր հեռանում ջրհորից, չկամենալով լքել իր զենքուզրահը։
Իջևանատերը գոռում էր, որ ջորեպանները կռվին վերջ տան, քանի որ իրենց արդեն ասված է եղել, որ այդ մարդը խելագար է։
Իսկ դոն Կիխոտը ավելի բարձր էր բղավում, ամենքին ստոր, դավաճան անվանելով, իսկ դղյակի տիրոջը՝ չար ու նենգ, որովհետև թույլ է տալիս իր իսկ դղյակում այսպիսի վիրավորանքներ հասցնեն թափառական ասպետին։ Եվ ավելացնում էր, որ եթե ինքն արդեն ասպետ կարգված լիներ, ապա կխրատեր նրան նման ստորության համար։
Այս ամենը նա այնքան խիզախ ու վճռական էր ասում, որ սաստիկ ահաբեկեց հարձակվողներին։ Շնորհիվ իջևանատիրոջ հորդորի, նրանք դադարեցին քարկոծելը, ապա դոն Կիխոտը թույլ տվեց, որ հավաքեն վիրավորներին և վերսկսեց իր հսկումը զենքուզրահի առջև այնպիսի սառնասրտությամբ, ասես թե բան չէր պատահել։
Այս կատակները իջևանատիրոջը դուր չեկան, և գործին վերջ տալու համար նա վճռեց հյուրին անհապաղ ասպետ կարգել, քանի դեռ նոր աղետ չէր պատահել։
Ուստի, մոտենալով դոն Կիխոտին, ներողություն խնդրեց ստոր ռամիկների լկտի վարմունքի համար, որ առանց իր գիտության է եղել, թեև նրանց հանդգնությունը չարաչար պատժված է։ Ապա նա մեկ էլ կրկնեց, որ ասպետ կարգելու ողջ էությունը ծոծրակին՝ ձեռքով, ուսին՝ սրով հարված հասցնելն է, մի բան, որ կարելի է անգամ բաց դաշտում անել։ Գալով զենքի առջև հսկում կատարելուն, ապա այդ էլ ավարտված պիտի համարել, քանի որ սովորաբար դա տևում է ընդամենը երկու ժամ, իսկ դոն Կիխոտը չորս ժամից ավելի է, ինչ հսկում է արթուն։
Դոն Կիխոտը այս ամենին հավատաց և պատասխանեց, որ պատրաստ է հնազանդելու և խնդրում է, որ ծեսը, ըստ կարելվույն, շուտ կատարվի, որովհետև եթե մեկնումեկի խելքին փչի դարձյալ հարձակվել իր վրա, նա դղյակում կենդանի շունչ չի թողնի, խնայելով միայն դղյակի տիրոջը՝ հարգանքից դրդված, և միմիայն նրանց, որոնց համար նա բարեխոս կլինի։