ինձ, թե տիրուհի Մելիսենդրան ու պարոն դոն Գայֆերոսը գտնվո՞ւմ են արդեն Ֆրանսիայում, իրենց ազգականների շրջանում։
— Ոչ ոք չի կարող ասել այդ ավելի լավ, քան իմ կապիկը,— նկատեց մաեսե Պեդրոն,— միայն թե հիմա նրան սատանան էլ չի կարող բռնել։ Ասենք, կարծում եմ, որ քաղցն ու սերը դեպի տերը կստիպեն նրան գիշերս ինձ որոնելու, այնպես որ լուսաբացին մենք կրկին կտեսնվենք։
Վերջ ի վերջո թատերական իրարանցումն անցավ, և ամենքը նստեցին ընթրելու հաշտ ու համաձայն։ Ընթրիքը դոն Կիխոտ ի հաշվին էր, որի առատաձեռնությունը սահման չուներ։
Իջևանատերը, որ չէր ճանաչում դոն Կիխոտին, մնացել էր զարմացած նրա խենթությունից և առատաձեռնությունից։
Վերջապես Սանչոն, տիրոջ կարգագրությամբ, շատ լավ վճարեց իջևանատիրոջը, և հետևյալ օրը, առավոտյան ժամը ութին, նրանք հրաժեշտ տվին ու ճամփա ընկան։
ԵՎ ՈՐՍՈՐԴ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ ՄԻՋԵՎ
Իրիկնապահին դոն Կիխոտը դուրս եկավ անտառից և տեսավ մի կանաչ դաշտ, որի խորքում ինչ-որ մարդիկ կային։ Մոտենալով նրանց, տեսավ, որ բազեներով որս անողներ են։ Ավելի ևս մոտենալով, նրանց մեջ նկատեց մի գեղեցիկ տիկին, ձյունաթույր ձի հեծած։ Ձիու թամբը արծաթակապ էր, սարքը՝ կանաչ։ Տիկինն էլ էր կանաչ հագած և այնքան հարուստ էր ու սիրուն, որ թվում էր գեղեցկության մարմնացում։ Նրա ձախ ձեռքին բազե էր նստած։ Այս նշանից դոն Կիխոտը որոշեց, որի իր առջև ազնվական անձնավորություն է, իսկ բոլոր մնացած որսորդները՝ նրա շքախումբը, ինչպես և հետագայում հաստատվեց։ Նա ասաց Սանչոյին.
— Վազ տուր, Սանչո, զավակս, և այն ճերմակ ձի հեծած և բազեն ձեռքին տիկնոջը ասա, թե ես, Առյուծների Ասպետս, հարգանոք խոնարհվում եմ նրա մեծ գեղեցկության առջև։ Եվ եթե նրա շքեղությունը թույլ տա, ես կմոտենամ, որ համբուրեմ նրա ձեռքը և կատարեմ այն ամենը, ինչ որ նրա մեծությունը հաճի ինձ պատվիրել, որքան որ ուժերս ներեն։ Միայն թե, տես, Սանչո, քաղաքավարի արտահայտվիր և ճառիդ մեջ խելքիդ փչած առածները չխցկես։
— Դուք էլ բա՜ն գտաք,— պատասխանեց Սանչոն։— Ո՞ւմ եք ասում, առաջի՞ն անգամն է, ինչ է, որ ես ազնվազարմ տիկինների մոտ եմ գնում։
Սանչոն քշեց իր իշուկին և չու հա չու, հասավ որսորդ գեղեցկուհուն, ծնկի իջավ նրա առջև և ասաց.
— Չքնաղ տիկին, դուք տեսնո՞ւմ եք այնտեղ կանգնած Առյուծների Ասպետին։ Նա իմ տերն է, իսկ ես՝ նրա զինակիրը։ Տանը ինձ Սանչո Պանսա են անվանում։ Ահա այդ Առյուծների Ասպետը, որ նորերս դեռ Վշտակերպ