լինի խլել նրա ձեռքից իշխանությունը։ Իր հոգու խորքում նա ափսոսալու և վշտանալու է, որ այսքան տարի ապրել է առանց կայսր լինելու։
— Պարոն,— պատասխանեց Սանչոն,— իշխելը միշտ հաճելի է, անգամ ոչխարների հոտի վրա։
— Դուք հազարափեշակ մարդ եք,— ասաց դուքսը,— ես հույս ունեմ, որ նույնքան խելացի եք կառավարելու, որքան խելոք դատում եք։ Այդքանը բավական է։ Հիշեցեք, որ ոչ ուշ, քան վաղը, դուք մեկնելու եք կղզին, իսկ այստեղ ձեզ կտան ձեր ատիճանին վայել զգեստներ և ճամփորդության պատրաստություն կտեսնեն։
— Թող ինձ ինչպես ուզում են զուգեն,— պատասխանեց Սանչոն,— ինչ շոր էլ վրաս լինի, մեկ է՝ ես նույն Սանչոն կմնամ։
Այդ միջոցին ներս մտավ դոն Կիխոտը։ Երբ որ նրան հաղորդեցին բանի էությունը և հայտնեցին, որ Սանչոն շուտով ուղևորվում է կառավարելու, նա բռնեց Սանչոյի ձեռքից և, դուքսի թույլտվությամբ, տարավ նրան իր սենյակը, որ խրատ ու խորհուրդ տա, թե ինչպես պիտի վարի իր պաշտոնը։
Սանչոն իր տիրոջ խրատներն առավ և հետևյալ օրը ճամփա ընկավ։ Նա գնում էր բազմաթիվ շքախմբի ուղեկցությամբ մի գյուղ, որը նրա համար պիտի վերափոխվեր կղզու։
Նոր և ճոխ զգեստներով Սանչոն նստած էր ջորու վրա, իսկ նրա կողքից գնում էր իր էշը, նոր՝ մետաքսե սարքով և արժանավայել արդուզարդով, ժամանակ առ ժամանակ Սանչոն նայում էր իշուկին, որի ընկերակցությունը նրան այնպիսի հաճույք էր պատճառում, որ իր տեղը չէր փոխի գերմանական կայսեր տեղի հետ։
Վերջապես Սանչոն իր շքախմբով հասավ գյուղ, որը հազարի չափ բնակիչ ուներ և համարվում էր դուքսի լավագույն կալվածներից մեկը։ Նրան ասացին, թե կղզին կոչվում է՝ Բարատարիա. նրա՞ համար արդյոք, որ այդ վայրը կոչվում էր Բարատարիա, թե՞ որովհետև Սանչոն կառավարելու իրավունքը ձրի ձեռք բերեց,— անհայտ է[1]։
Երբ նրանք հասան գյուղի դարպասին, տեղական իշխանություններն ընդառաջ եկան։ Զանգերը ղողանջեցին, բնակիչները միահամուռ ցուցադրեցին մեծ ուրախություն և մեծ հանդիսավորությամբ առաջնորդեցին Սանչոյին մայր տաճարը, որպեսզի այնտեղ մաղթանք կատարեն։ Ապա մի քանի ծիծաղաշարժ ծեսերից հետո հանձնեցին գյուղի բանալին և նրան ցմահ Բարատարիո կղզու վարչապետ ճանաչեցին։
Նոր վարչապետի զգեստը, մորուքը, հաստ փորը և կարճ հասակը զարմանք էին պատճառում նրանց, ովքեր չգիտեին այդ պատմության աստառը։ Ասենք, իմացողներից շատերն էլ էին զարմացած մնացել։
Վերջապես եկեղեցուց նրան տարան դատարանի դահլիճը, բազմեցրին բազկաթոռին, և դուքսի սենեկապետն ասաց.
— Տեր վարչապետ, մեր կղզում մի հին սովորույթ կա՝ ով որ դառնում է
- ↑ Այս անունը կազմված է իսպաներեն barato բառից, որը նշանակում է սուտ, էժան (հեշտ հասանելի իմաստով)։ Հեղինակն ակնարկում է, որ Սանչոյի կառավարելը սարքովի էր, սուտ, կեղծ։ Ծ. Թ.։