այս կղզու վարչապետը, պետք է պատասխանի բավական խորամանկ ու խճճված հարցերի։ Այդ պատասխաններից բնակիչները դատում են և, այսպես ասած, իրենց նոր վարչապետի մտավոր ունակությունների զարկերակը շոշափում, ու դրա համեմատ կամ ուրախանում են նրա գալստյան համար, կամ տխրում։
Սենեկապետի ճառի միջոցին Սանչոն նայում էր իր բազմոցի դիմացի պատից կախված մեծ-մեծ գրերով մի երկար արձանագրության, իսկ որովհետև անգրագետ էր, ուստի հարցրեց, թե այդ ի՞նչ նշաններ են նկարված պատին։
Նրան պատասխանեցին.
— Տեր, այնտեղ գրած ու գծած է, թե այս ինչ օրը ձերդ ողորմածությունը դարձել է կղզու վարչապետ։ Արձանագրությունն ասում է՝ «Այսօր, այսինչ օրը, այս ինչ ամսին, այս ինչ տարում, պարոն դոն Սանչո Պանսան դարձավ կղզու վարչապետը և տերը թող նրան պահպանի իշխանության գլխին բազում տարիներ»։
— Իսկ ո՞ւմ են դոն Սանչո Պանսա կոչում,— հարցրեց Սանչոն։
— Ձեզ, ձերդ ողորմածություն,— պատասխանեց սենեկապետը,— քանի որ մեր կղզին մի հատիկ Պանսա է ժամանել, այն էլ հիմա բազմած է այս բազկաթոռին։
— Դե, նկատի առեք, եղբայր,— առարկեց Սանչոն,— որ ոչ ես, ոչ էլ մի ուրիշը մեր ցեղում երբեք դոն չի եղել։ Ինձ պարզապես կոչում են Սանչո Պանսա, իմ հոր անունն էլ էր Սանչո, պապինս էլ՝ Սանչո և նրանք բոլորն էլ Պանսա են եղել առանց դոն ու մոնի։ Ես կասկածում եմ, որ ձեր կղզում դոները խճաքարից շատ են։ Եթե ինձ հաջողվի այստեղ մի քանի օր վարչապետություն անել, բոլոր այդ դոներին կքշեմ։ Երևի նրանք այստեղ խժվժում են և զահլա տանում մոծակներից էլ ավելի։ Դե, ձեր հարցերը տվեք, և ես խղճի մտոք պատասխաններս կտամ հուրախություն թե ի վիշտ իմ ժողովրդի։
Այդ վայրկյանին դահլիճ մտան երկու ծերուկ, որոնցից մեկը ձեռքին հաստ ձեռնափայտ ուներ։ Երկրորդը, որ առանց ձեռնափայտի էր, ասաց.
— Տեր, ես այս բարի մարդուն տասը ոսկի եմ պարտք տվել, կամենալով նրան ծառայություն մատուցած լինել և սիրաշահել, այն պայմանով, սակայն, որ նա վերադարձնի, հենց որ ետ պահանջելու լինեմ։ Շատ ժամանակ անցավ, և ես պարտքս չէի պահանջում, հասկանալով, որ եթե ինձնից պարտք անելու միջոցին նա դժվարին կացության մեջ էր, ապա, վերադարձնելով, նա առավել ևս ծանր կացության մեջ կընկնի։ Սակայն վերջ ի վերջո ինձ թվաց, թե նա իսկի չի էլ մտածում իր պարտքր տալու մասին, ուստի ես մի քանի անգամ հիշեցրի, իսկ նա ոչ միայն փողը չվերադարձրեց, այլև ժխտում է, թե պարտք է արել և պնդում, թե ես երբեք նրան տասը ոսկի պարտք չեմ ավել, իսկ եթե երբևիցե տվել եմ, ապա նա վաղուց վճարել պրծել է։ Ոչ պարտքը տալու, ոչ էլ վճարելու վկա կա։ Ասենք, վճարում երբեք չի էլ եղել։ Ես կխնդրեի ձերդ ողորմածությունից, ստիպել այս մարդուն երդում ուտել և, եթե նա երդվի, որ իր պարտքը վճարել է, ես նրանից ձեռք կքաշեմ։
— Ի՞նչ կասեք, ծերուկ,— հարցրեց Սանչոն մյուսին։
— Պարոն,— պատասխանեց մյուսը,— ես ընդունում եմ, որ նա ինձ պարտք է տվել։ Իջեցրեք ձեր գավազանը, ձերդ ողորմածություն, և քանի որ