ինքը ձեռքը դրեց գավազանի ծայրի խաչի վրա և հայտարարեց, որ իրավ, նրան տասը ոսկի պարտք տրված է եղել, սակայն ինքը ետ է տվել, իսկ պարտապանը, մոռանալով, մի քանի անգամ նորից է պահանջել պարտքը։
Լսելով այդ, վարչապետր հարցրեց պարտքատերից, թե ի՞նչ կարող է պատասխանել հակառակ կողմի հայտարարությանը, և սա ասաց, թե պարտապանն անկասկած ճշմարիտ է ասում, որովհետև նրան ազնիվ մարդ է համարում և բարի քրիստոնյա և թե, երևի, ինքն է մոռացել՝ ե՞րբ և որտե՞ղ է ետ ստացել տասը ոսկին և որ այսուհետև այլևս այդ փողը երբեք չի պահանջի։
Պարտապանր վերցրեց իր ձեռնափայտը, գլուխ տվեց և հեռացավ դատարանից։
Սանչոն, տեսնելով, որ պարտապանը հանգիստ կերպով գնաց, իսկ հայցատերը հեզությամբ գլուխը խոնարհել կրծքին, մնացել է տեղում կանգնած, աջ ձեռքի ցուցամատը դնելով հոնքերի մեջտեղը, մի պահ մնաց մտամոլոր, ապա, բարձրացնելով գլուխը, հրամայեց, որ պարտապանին ետ բերեն։
Երբ որ նա վերադարձավ, Սանչոն նայեց նրան և ասաց.
— Ապա, բարի մարդ, տվեք ձեր ձեռնափայտը, ինձ հարկավոր է։
— Մեծ ուրախությամբ,— պատասխանեց ծերուկը,— համեցեք, տե՛ր։
Սանչոն վերցրեց ձեռնափայտը, հանձնեց մյուս ծերուկին և ասաց.
— Դե գնացեք, հիմա դուք ձերն ստացաք։
— Մի՞թե, տեր իմ, այս ձեռնափայտը տասը ոսկի արժե,— հարցրեց պարտքատերը։
— Արժե,— պատասխանեց վարչապետը,—իսկ եթե ոչ՝ ապա ես աշխարհիս ամենահաստագլուխ մարդն եմ։ Հիմա դուք կհամոզվեք, ընդունա՞կ եմ ես մի ամբողջ թագավորություն կառավարելու, թե ոչ։
Եվ նա հրամայեց, որ բոլորի ներկայությամբ ձեռնափայտը մեջտեղից ջարդեն։ Հրամանը կատարվեց, և ձեռնափայտի միջից դուրս եկավ տասը ոսկին։
Բոլորը զարմացած մնացին և վճռեցին, որ նոր վարչապետը Սողոմոն իմաստունն է։ Սկսեցին հարցուփորձ անել, թե ինչպես գլխի ընկավ նա, թե տասը ոսկին ձեռնափայտի մեջ է թաքցրած։ Սանչոն բացատրեց այսպես՝ ծերուկը երդում ուտելուց առաջ ձեռնափայտը տվեց իր հակառակորդին և երդվեց, թե ինքը լրիվ և առանց խաբեության վերադարձրել է պարտքը և ապա, երդվելուց հետո, իր ձեռնափայտը ետ վերցրեց։ Տեսնելով այդ, Սանչոն կասկածել էր, թե պարտքը ձեռնափայտի մեջ է։
Բոլորը դարձյալ զարմացան նոր վարչապետի դատավճռից ու որոշումից։ Գրագիրն այդ ամենը գրի առավ և ուղարկեց դուքսին, որ սրտատրոփ սպասում էր լուրի։
Դատավարությունից հետո Սանչոյին տարան մի շքեղ ապարանք։ Մեծ դահլիճներից մեկում արքայական շուքով սեղան էր գցված։
Սանչոյի հայտնվելուն պես երաժշտություն հնչեց, և չորս մանկլավիկ նրան ջուր մատուցեցին լվացվելու համար, և նա մեծ արժանապատվությամբ կատարեց այդ արարողությունը։
Երաժշտությունը լռեց, և Սանչոն նստեց սեղան՝ պատվավոր տեղում։ Ասենք, սեղանին ուրիշ տեղ էլ չկար և հացը մեկ հոգու համար էր գցած։ Սանչոյի