Այս էջը սրբագրված է

կողքին կանգնեց ինչ-որ մարդ՝ ձեռքին կիտոսկր. նա, ինչպես հետո պարզվեց, բժիշկ էր,

Վերցրին սեղանի երեսին փռած ճերմակ ընտիր գործվածքը, որ ծածկում էր բազմաթիվ ու բազմազան սկուտեղներ ամեն տեսակ կերակուրներով ու մրգերով։

Մի ուրիշ մարդ, տեսքից դատելով՝ հոգևոր կոչում ունեցող, օրհնեց սեղանը։ Մանկլավիկներից մեկը Սանչոյի պարանոցին կապեց ժանյակավոր անձեռոցիկ, իսկ մյուսը, որ սենեկապետի պաշտոն էր կատարում, մատուցեց նրան առաջին տեսակը՝ մի ափսե միրգ։ Հազիվ էր Սանչոն մի կտոր կուլ տվել, որ բժիշկն իր կիտոսկրը կպցրեց ամանին, և իսկույն ևեթ արագ-արագ ափսեն դուրս տարան։ Սենեկապետը տեղը մի ուրիշը դրեց, Սանչոն ուզեց ճաշակել, բայց հենց որ նա ձեռքը մեկնեց, որ կերակրի համը տեսնի, կիտոսկրը դարձյալ դիպավ ափսեին, և մանկլավիկը տարավ նույնքան հապճեպ, որքան և մրգերը։

Սանչոն շվարեց։ Նա նայեց շուրջը և հարցրեց, թե մի՞թե ճաշը պետք է այն եղանակով ուտել, ինչպես ներկայացնում են ձեռնածուները։ Կիտոսկրը ձեռքին մարդը դրան պատասխանեց հետևյալը.

— Ոչ, տեր վարչապետ, այս կղզում ճաշում են այնպես, ինչպես ընդունված և կարգն է ուրիշ կղզիներում, որ կառավարող են ունենում։ Ես բժիշկ եմ, ռոճիկ եմ ստանում և կցված եմ վարչապետի անձին, հոգ եմ տանում նրա առողջության մասին ավելի, քան իմ։ Ես գիշեր-ցերեկ աշխատում եմ, ուսումնասիրելով վարչապետին, որպեսզի հիվանդության դեպքում կարողանամ բուժել։ Սակայն իմ գլխավոր պարտականությունն է ներկա լինել ճաշի և ընթրիքի միջոցին և թույլ տալ, որ նա ուտի միայն այն, ինչ որ ինձ հարմար թվա, և հեռացնել սեղանից այն, ինչ որ, իմ կարծիքով, կարող է նրան վնաս տալ և ստամոքսը փչացնել։ Ահա թե ինչու ես հրամայեցի, որ մրգերը տանեն, որովհետև նրանց մեջ շատ տամկություն կա և հեռացնեն երկրորդ կերակուրը, որովհետև շատ էր տաք-տաք և համեմած էր, մի բան, որը ինչպես հայտնի է՝ ծարավեցնում է, իսկ ով շատ ջուր է խմում, նա ոչնչացնում ու վերացնում է իր միջի հիմնական հեղուկը, որ պարփակում է մեր կենսական ուժերը։

— Այդ դեպքում խորոված կաքավները այնքան համեղ են պատրաստված, որ, անշուշտ, ինձ վնաս չեն տա։

Բժիշկը դրան պատասխանեց.

— Տեր վարչապետը ձեռք չի տա այդ կերակրին, քանի ես կենդանի եմ։

— Որ այդպես է,— ասաց Սանչոն,— խնդրեմ, պարոն բժիշկ, իմ առջև շարած բոլոր կերակուրներից ընտրեք այն, որ ինձ ամենից շատ օգտավետ է և ամենից քիչ վնասակար, և թույլ տվեք, որ ուտեմ, առանց ձեր կիտոսկրով ափսեին խփելու, որովհետև, վարչապետի արևը վկա՝ ես սովամահ կլինեմ։ Ինչ էլ դուք ասելու լինեք, պարոն բժիշկ, ինչքան էլ բարկանալու լինեք, սակայն, զրկելով ինձ ճաշից, դուք ոչ միայն չեք երկարացնի իմ կյանքը, այլ պարզապես կսպանեք ինձ։

Ապա, թիկնելով բազկաթոռին, Սանչոն սևեռեց հայացքը բժշկին և խիստ