Այս էջը սրբագրված է

հանդիպելով քահանային ու Սամսոն Կարրասկոյին, սկսեց պար գալով խեսել.

— Հիմա մենք վարչապետ ենք, հա՜։

— Ի՞նչ է պատահել, Թերեսա Պանսա։ Ի՞նչ ես խենթացել, այդ ի՞նչ թղթեր են ձեռքիդ։

— Իսկի էլ չեմ խենթացել, իսկ ձեռքինս՝ նամակներ են դքսուհիներից ու վարչապետներից, վզիս էլ իսկական մարջանից «տերողորմյա»։

— Ասելդ ի՞նչ է, Թերեսա, բան չենք հասկանում։

— Առեք, ինքներդ տեսեք,— պատասխանեց Թերեսան և պարզեց նրանց նամակները։

Քահանան բարձր կարդաց նամակները, որ Սամսոն Կարրասկոն էլ լսի։ Նրանք նայեցին իրար, զարմացած կարդացածից, իսկ բակալավրը հարցրեց, թե ո՞վ է բերել նամակները։ Թերեսան առաջարկեց նրանց գալ իրենց տուն և տեսնել սուրհանդակին՝ նա մի նվեր էլ է բերել, որ գին չունի։

Քահանան հանեց Թերեսայի պարանոցից մարջանը, ձեռքին շուռումուռ տվեց և համոզվելով, որ իսկական է, ավելի զարմացավ ու ասաց.

— Երդվում եմ կարգովս, չգիտեմ ինչ խոսեմ և ինչ խորհեմ այդ նամակների և նվերների մասին։

Թերեսան նրանց հետ վերադարձավ տուն։

Նրանք որ հասան, մանկլավիկը գարի էր մաղում իր ձիու համար, իսկ Սանիչկան ճարպ էր կտրում, որ ձվածեղ անի, սուրհանդակին հյուրասիրի։

Մանկլավիկի արտաքինը և սիրուն զգեստը դուր եկավ եկվորներին, և նրանք իրար քաղաքավարի բարևեցին, ապա Սամսոնը հարցրեց հյուրից, թե ի՞նչ նորություն կա դոն Կիխոտի և Սանչո Պանսայի մասին, ավելացնելով, որ իրենք արդեն Սանչոյի և դքսուհու նամակները կարդացել են, բայց այնուհանդերձ մտամոլոր են և չեն կարողանում ըմբռնել, թե այդ ի՞նչ վարչապետություն է ձեռք բերել Սանչոն և ի՞նչ կղզի է։

Մանկլավիկը պատասխանեց.

— Որ պարոն Սանչո Պանսան վարչապետ է, ոչ մի կասկած չի կարող լինել։ Իսկ կղզի՞ է կառավարում, թե չէ՝ դատել չեմ կարող։ Սակայն այն էլ բավական է, որ այդ վայրը հազար մարդուց ավելի բնակչություն ունի։

Քահանան ու բակալավրը շատ լավ ըմբռնեցին, որ մանկլավիկը ծաղրում է, բայց իսկական մարջանն ու Սանչոյի ուղարկած որսորդական զգեստը նրանց շփոթեցնում էին։

— Այսպիսով, ձերդ ողորմածություն, պարոն,— բացականչեց բակալավրը,— դուք շարունակում եք պնդել, թե Սանչոն իսկապես վարչապետ է և որ աշխարհիս երեսին իրոք գոյություն ունի այն դքսուհին, որը նրա կնոջը նամակ է գրում և նվերներ ուղարկում։ Մենք ձեռքերով շոշափել ենք նվերները և նամակները կարդացել, բայց և այնպես հրաժարվում ենք հավատալ և ենթադրում ենք, թե դա մեր հայրենակից դոն Կիխոտի արկածներից է, որը, ինչպես հայտնի է, համարում է, որ իրեն ամեն ինչ պատահում է ոչ այլապես, քան կախարդական եղանակով։ Ահա թե ինչու ես գրեթե պատրաստ եմ ասելու, որ կկամենայի ձեռք տալ և շոշափել ձերդ ողորմածությանը, որպեսզի պարզեմ, ո՞վ եք դուք՝ երևակայական դեսպան, թե միս ու ոսկորից մարդ։