առողջ է։ Ես եղել եմ դոն Կիխոտ Մանչացի, իսկ հիմա դարձել եմ, ինչպես արդեն ասացի՝ Ալոնսո Կիխանո։ Թող իմ զղջումն ու ճշմարտասիրությունը վերադարձնեն ինձ ձեր նախկին հարգանքը։ Իսկ հիմա, պարոն գրագիր, շարունակեցեք գրել։
— Այլև կտակում եմ իմ ողջ կարողությունը առանց որևէ սահմանափակումի զարմուհուս՝ Անտոնինա Կիխանոյին, նախապես, հարմարագույն ձևով, հանելով այն, ինչ ես այլ անձանց եմ հատկացրել։ Այդ թվում, նախ և առաջ խնդրում եմ վճարել իմ տնտեսուհու ռոճիկը բոլոր այն ժամանակամիջոցի համար, որ նա ծառայել է ինձ և դրա վրա քսան ոսկի՝ հագուստի համար։ Կտակակատար նշանակում եմ այստեղ ներկա գտնվող տեր հորը և պարոն բակալավր Սամսոն Կարրասկոյին։
— Այլև կամենում եմ, որ իմ զարմուհին՝ Անտոնինա Կիխանոն, եթե նա մարդու գնալու լինի, ամուսին ընտրի այնպիսի մարդու, որի մասին նախապես ստուգած լինի, թե նա չգիտե ինչ ասել է ասպետական վեպ։ Իսկ եթե պարզվի, որ նա գիտե և այնուհանդերձ զարմուհիս դարձյալ ցանկանա ամուսնանալ, ես զրկում եմ նրան իմ ժառանգությունից և խնդրում եմ, որ կտակակատարներս, ըստ իրենց հայեցողության, իմ կարողությունը գործադրեն բարեգործական նպատակով։
Դոն Կիխոտը սրանով ավարտեց իր կտակը և, ուշագնաց լինելով, մեկնվեց անկողնու վրա։ Բոլորն իրար անցան, կամենալով նրան օգնած լինել։
Երեք օր ապրեց նա կտակը գրել տալուց հետո և գրեթե շարունակ ուշագնաց վիճակում էր։
Ամբողջ տունը տագնապի մեջ էր։
Վերջապես դոն Կիխոտը վախճանվեց, բայց թե որ գյուղում՝ մնաց անհայտ, կարծես թե նրա համար, որ Մանչայի բոլոր գյուղերը վիճեն իրար հետ, որդեգրելով դոն Կիխոտին, ինչպես յոթ հունական քաղաքներն էին վիճում Հոմերոսի ծննդավայրը կոչվելու համար։
Մենք չենք նկարագրելու դոն Կիխոտի զարմուհու, տնտեսուհու և Սանչո Պանսայի արցունքները։ Մենք մեջ չենք բերելու դոն Կիխոտի գերեզմանին փորագրած տապանագրերը։
Սահմանափակվենք Սամսոն Կարրասկոյի հորինածով։
|