պարտքը բնավ այդքան մեծ չէ, որ պետք է հաշվի առնել և այդ գումարից հանել երեք զույգ կոշիկի արժեքը, որ ծառան մաշել է, և երկու անգամ արյուն առնելու վճարը, որ արվել է նրա հիվանդության ժամանակ և նստել է մեկ ռեալ։
— Ենթադրենք թե այդպես է,— պատասխանեց դոն Կիխոտը,— սակայն նրան անմեղ տեղը ծեծելով դուք լրիվ ստացել եք թե կոշիկների, թե արյուն առնելու համար։ Որովհետև եթե նա քո կոշիկի կաշին է ճղել, ապա դուք նրա սեփական կաշին եք ճղել։ Եթե սափրիչը նրա հիվանդության ժամանակ է արյուն առել, ապա դու առողջի արյունն ես առնում։ Կնշանակի՝ տեղը դուրս է եկել։
— Ցավն այն է, պարոն ասպետ, որ մոտս փող չունեմ։ Թող Անդրեսը հետս գա տուն, և ես կվճարեմ մինչև վերջին ռեալը։
— Ե՞ս․․․ նրա հետ տո՜ւն գնամ,— բացականչեց տղան։— Երբե՛ք, պարոն, մտքովս էլ չի անցնի։ Հենց որ նրա հետ մենակ մնամ, նա իմ կաշին կքերթի։
— Նա այդ չի անի,— առարկեց դոն Կիխոտը,— իմ պատիվը կպահի։ Թող միայն երդվի ասպետական ուխտով, որին պատկանում է, ես նրան բաց կթողնեմ և կերաշխավորեմ, որ կվճարի։
— Խորհեցեք, թե ի՜նչ եք ասում, ձերդ ողորմածություն,— ասաց տղան։— Իմ տերը իսկի ասպետ էլ չէ և ոչ մի ասպետական ուխտի մեջ չի մտնում։ Նա Խուան Հալդադոնն է, Կինտանար գյուղի հարուստներից։
— Անդրես, տղաս, ես չեմ հրաժարվում,— ընդհատեց նրան գյուղացին։— Արի գնանք, երդվում եմ աշխարհիս երեսին գոյություն ունեցող ասպետական բոլոր ուխտերով, որ, ինչպես ասացի, կվճարեմ մինչև վերջին ռեալը, այն էլ նոր-նոր դրամներով։
— Շահը ներում եմ ձեզ,— ասաց դոն Կիխոտը։— Ես միանգամայն բավարարված կլինեմ, եթե դուք սովորական ռեալներով վճարելու լինեք։ Ձեր երդումը պահեք, հա՜, թե չէ ես ինքս եմ երդվում, որ կվերադառնամ, կգտնեմ ձեզ և կպատժեմ։ Դուք կարող եք մողեսի պես թաքնվել, միևնույն է, դարձյալ ես ձեզ կգտնեմ։ Իսկ եթե հաճեիք իմանալ, թե ով է ձեզ հրամայողը, ապա իմացած եղեք (հիմա դուք ավելի եռանդուն կկատարեք ձեր խոստումը)՝ ես արի Դոն Կիխոտ Մանչացին եմ, անարգանք և անարդարություն պատճառողների վրիժառուն։ Տերը ձեզ հետ, և միք մոռանա ձեր խոստումն ու երդումը, թե չէ պատիժը վրա կհասնի։
Այս խոսքերը բերնին՝ նա խթանեց Ռոսինանտին և արագ-արագ հեռացավ։
Գյուղացին նրան աչքերով ճամփա գցեց և համոզվելով, որ ասպետն անհետացավ անտառի թավուտում ու չի երևում, դարձավ իր ծառային ու ասաց.
— Ապա մոտ արի, Անդրես։ Ես ուզում եմ վճարել քեզ պարտքս, ինչպես հրամայեց անարգանք պատճառողների վրիժառուն։
— Խոսք եմ տալիս ձեզ,— պատասխանեց Անդրեսը,— որ ձերդ ողորմածությունը շատ լավ կանի, եթե կատարի բարի ասպետի հրամանը։ Աստված նրան հազար տարի կյանք տա իր արիության և արդար դատաստանի համար։ Երդվում եմ, որ եթե դուք ինձ վճարելու չլինեք, նա իսկույն կվերադառնա և ձեր հախիցը կգա, ինչպես որ խոստացավ։