կդիմավորեմ ձեզ, հավատացած լինելով, որ կատարելապես արդարացի եմ։
— Պարոն ասպետ,— առարկեց վաճառականը,— բոլոր այս իշխանների՝ իմ ուղեկիցների անունից աղաչում եմ ձերդ ողորմածությանը, որպեսզի մենք մեր հոգու վրա մեղք վերցրած չլինենք, ընդունելով մի բան, որ երբեք չենք տեսել և որի մասին երբեք չենք լսել, ցույց տվեք այդ տիկնոջ որևէ պատկերը, անգամ եթե այդ պատկերը ցորենի հատիկից մեծ չլինի՝ չէ՞ որ ասվում է, թե փոքրիկ մի բրդից ճանաչվում է ոչխարը։ Դա մեզ միանգամայն կհանգստացնի և կհամոզի, ձերդ ողորմածությունն էլ բավարարված կլինի, ստանալով ցանկացածը։
— Ստո՛ր սրիկա,— զայրույթով բռնկված գոչեց դոն Կիխոտը։
Եվ, ասելով այս խոսքերը, նա նիզակը ճոճեց և կատաղի ու ցասումնալից հարձակվեց իր խոսակցի վրա այնպես, որ եթե վերջինիս բախտից Ռոսինանտը ճամփի կեսին չսայթաքեր ու վայր չընկներ, ապա հանդուգն վաճառականի բանը բուրդ կլիներ։
Ռոսինանտը վայր ընկավ, և դոն Կիխոտը գլորվեց մի կողմ։ Չնայած իր թափած ճիգերին, նա ոչ մի կերպ չկարողացավ ոտքի ելնել՝ այնքան էին խանգարում նիզակը, վահանը, խթանները, սաղավարտը և ծանր ու հնադարյան զենքուզրահը։ Վեր կենալու ապարդյուն ճիգ թափելով, նա միաժամանակ շարունակում էր խոսել.
— Մի՛ք փախչի, վախկոտնե՛ր, անպիտաննե՛ր, սպասեցեք։ Իմ մեղքը չէ, որ ես վայր ընկա, մեղքը իմ երիվարինն է։
Ջորեպաններից մեկը, որ, ըստ երևույթին, հեզ բնավորության տեր չէր, լսելով, որ վայր ընկած ասպետը շարունակում է լուտանք թափել իրենց գլխին, չհամբերեց և վճռեց, ի պատասխան, նրա բուրդը գզել։ Նա մոտեցավ դոն Կիխոտին, խլեց նրա ձեռքից նիզակը, կտոր-կտոր արեց և մի կտորով սկսեց հարվածել մեր ասպետին այնպես, որ չնայած զրահին, ջարդեց նրան, ասես մի ջվալ ցորեն։ Վաճառականները գոռում էին, որ նա դադարի, այլևս չխփի, բայց ջորեպանը ոգևորվել էր և չէր ուզում խաղին վերջ տալ, մինչև որ չսպառեց իր ցասումի ողջ պաշարը։ Նիզակի կտորները մեկը մյուի հետևից վերցնելով նա կոտրում էր, հարվածելով գետնին փռված թշվառական ասպետի մեջքին, որը, չնայած կարկուտի պես տեղացող հարվածներին, չէր լռում և շարունակում էր սպառնալ երկնքին, երկրին և նրանց, ում ավազակների տեղ էր դնում։
Վերջապես ջորեպանը հոգնեց, և վաճառականները շարունակեցին իրենց ճամփան։ Ամբողջ ճամփորդության ընթացքում նրանք ասում ու խոսում էին ծեծ կերած ասպետի մասին։
Դոն Կիխոտը, տեսնելով, որ թշնամիները հեռացան, նորից վեր կենալու փորձ արեց։ Սակայն եթե ողջ և առողջ չկարողացավ ոտի կանգնել, ապա հիմա ծեծված, կիսամեռ վիճակում ինչպե՞ս ելներ։
Այնուհանդերձ նա իրեն երջանիկ էր համարում, երևակայելով, որ հենց այդպիսի ձախորդություններ են պատահում թափառական ասպետներին և որ ամբողջ մեղքը ձիունն է։ Միայն թե վեր կենալ նա դարձյալ չկարողացավ, այնքան էին ցավում ոսկորները։