սափրիչն ու քահանան, և խոսում էին տնտեսուհու հետ, որ բարձրաձայն ասում էր․
— Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դժբախտություն կարող է եկած լինել մեր պարոնի գլխին։ Ահա վեց օր է, ինչ անհետացել են նա էլ, նրա քնձռոտ ձին էլ, վահանն էլ, նիզակն էլ, զրահներն էլ։ Ախ, ի՜նչ դժբախտ կին եմ եղել ես։ Դա նույնքան ճիշտ է, որքան այն, որ մենք ծնվել ենք մեռնելու համար։ Այն ասպետական անիծյալ գրքերը, որ սա հավաքում ու շարունակ կարդում էր, նրան խելագարեցրին։ Հիմա ես հիշում եմ, թե քանի-քանի անգամ ինքն իր հետ խոսելիս ասում էր, թե մտադիր է թափառական ասպետ դառնալ, որպեսզի զանազան երկրներ գնա արկածներ որոնելու համար։ Սատանան տանի բոլոր այդ գրքերը, որ կործանեցին Մանչայի ամենախելոք գլուխը։
Նույնն էր ասում դոն Կիխոտի զարմուհին և ավելացնում.
— Գիտե՞ք, պարոն վարպետ Նիկոլաս (այդպես էր սափրիչի անունը), հաճախ քեռիս տարվում էր այդ անիծյալ վեպերի ընթերցանությամբ ու ձեռքն առնում սուրը և սկսում ծակծկել պատերը։ Իսկ երբ որ բոլորովին ուժասպառ էր լինում, հայտարարում էր, թե չորս հսկա է սպանել, որոնցից յուրաքանչյուրի հասակը չորս անգամ բարձր էր աշտարակից։ Հոգնածությունից նա քրտնաթոր էր լինում, իսկ ինքը պնդում էր, թե դա արյուն է հոսում իր վերքերից, որ ստացել է մարտի միջոցին։ Ապա նա խմում էր մի մեծ գավաթ պաղ ջուր, թարմանում, հանգստանում և հայտարարում, որ դա ոչ թե ջուր էր, այլ թանկագին խմիչք, որ բերել էր մի հզոր կախարդ՝ իր բարեկամը։ Սակայն այս ամենի մեղքը իմն է, որովհետև ես գլխի չընկա նախօրոք հաղորդել ձեզ քեռուս խելագարության մասին, չէ՞ որ դուք օգնած կլինեիք նրան, չէիք թողնի, որ հասնի այդ օրին, և այրած կլինեիք այս անօրեն գրքերը (իսկ նա դրանցից շատ-շատ ունի), որովհետև դրանք միանգամայն արժանի են հրաճարակ լինելու։
— Ես էլ նույն կարծիքին եմ,— վրա բերեց քահանան,— և խոսք եմ տալիս, որ վաղն իսկ դրանք կրակի կմատնենք, որպեսզի էլ չմղեն ընթերցողներին դեպի այդպիսի գործեր, որպիսիք, երևի, հիմա կատարում է իմ խեղճ բարեկամը։
Դոն Կիխոտն ու նրա ուղեկիցը լսեցին այս բոլոր խոսակցությունները, և գյուղացու համար լրիվ պարզվեց իր հարևանի ցավը։ Ուստի նա բարձրաձայն աղաղակեց․
— Բա՛ց արեք։
Ձայնի վրա բոլորը դուրս վազեցին։ Տղամարդիկ ճանաչեցին իրենց բարեկամին, կանանցից մեկը՝ իր տիրոջը, մյուսը՝ քեռուն, և բոլորը վրա տվին, որ գրկեն նրան, մինչդեռ նա մնացել էր էշի վրա նստած, որովհետև ոչ մի կերպ չէր կարողանում ցած իջնել։
— Բոլորդ էլ համբերեք, ես ծանր վիրավորված եմ իմ երիվարի պատճառով։ Ինձ տարեք դրեք անկողին և, եթե հնարավոր է, իմաց տվեք իմաստուն Ուրգանդային[1], որ նա բուժի և կապի իմ վերքերը,— ասաց նա։
— Ի՜նչ դժբախտություն, տեսա՞ք,— բացականչեց տնտեսուհին։— Սիրտս ճիշտ էր ասում, թե մեր պարոնի որ ոտն է կաղում։ Համեցեք, ձեր գալուստը
- ↑ Ուրգանդա— Ամադիս Գաղիացուն հովանավորող կախարդ կին։