բարի, ձերդ ողորմածություն, մենք կկարողանանք բժշկել ձեզ և առանց այդ Ուրգադայի[1]։ Մի անգամ էլ, հազար անգամ էլ անիծվեն այդ ասպետական գրքերը։ Ահա թե որտեղ հասցրին ձերդ ողորմածությանը։
Ապա նրանք դոն Կիխոտին տարան դրեցին անկողին և ուզում էին կապել վերքերը, սակայն ոչ մի վերք չերևաց։ նա բացատրեց, թե պարզապես իր երիվար Ռոսինանտի հետ գլորվել է գետնին՝ տասը հսկաների դեմ մարտնչելիս։ Ավելի հանդուգն ու կատաղի էակներ, նրա ասելով, աշխարհս չի ստեղծել։
— Պա՛-պա՛-պա՛-պա՛,— ընդհատեց քահանան,— գործը հսկաների՜ն հասավ։ Ազնիվ խոսք, վաղն ևեթ, արևը մայր չմտած, բոլոր գրքերն այրված կլինեն։
Նրանք սկսեցին դոն Կիխոտին հարցուփորձ անել, սակայն սա չուզեց որևէ բան պատմել, միայն խնդրեց, որ ուտելու բան տան իրեն և հանգիստ թողնեն, որովհետև ամենից շատ ուտելու և քնելու կարիք ունի։
Նրա ցանկությունը կատարեցին։ Ապա քահանան մանրամասն հարցուփորձ արեց գյուղացուն, թե ինչպես գտավ դոն Կիխոտին։ Գյուղացին պատմեց և կրկնեց բոլոր անմտությունները, որ մեր ասպետն ասում էր թե գետնին պառկած ժամանակ, թե էշով գալիս։
ՈՐԻՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ՔԱՀԱՆԱՆ ՈՒ ՍԱՓՐԻՉԸ
ՄԵՐ ՀԱՆՃԱՐԵՂ ՀԻԴԱԼԳՈՅԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ
Դոն Կիխոտը դեռ քնած էր։ Քահանան խնդրեց նրա զարմուհուց այն սենյակի բանալին, որտեղ պահված էին գրքերը՝ այս մեծ դժբախտության մեղապարտները, և աղջիկը մեծ պատրաստակամությամբ հանձնեց բանալին։
Բոլորը, տնտեսուհու ուղեկցությամբ, ներս մտան և տեսան հարյուրից ավելի խոշոր, փառակազմ հատորներ և շատ ուրիշ ավելի փոքր գրքեր։
Քահանան խնդրեց, որ սափրիչը մեկը մյուսի հետևից գրքերը տա իրեն, որպեսզի ինքը պարզի, թե դրանց մեջ ի՞նչ է խոսվում․ չէ՞ որ կարող է պատահել, որ դրանցից մի քանիսը արժանի չլինեն հրկիզման։
— Չէ, չէ,— բացականչեց դոն Կիխոտի զարմուհին,— պետք չէ խնայել դրանցից և ոչ մեկը, դրանք բոլորն էլ մեղավոր են։ Ամենից լավը այն կլինի, որ մենք լուսամուտից դուրս թափենք բակ, մի կույտ անենք և վառենք, կամ թե տանենք անասնաբակը և այնտեղ խարույկ վառենք։ Այնտեղից ծուխը մեզ չի անհանգստացնի։
Նույնն էր ասում նաև տնտեսուհին։
Գրքերը հանձնեցին տնտեսուհուն, իսկ գրքերի քանակը քիչ չէր, և տնտեսուհին, սանդուղքներով գնալ-գալուց ազատվելու համար, դուրս թափեց դրանք լուսամուտից։
- ↑ Ուրգադա — Ուրգանդայի աղավաղված անունն է, կնշանակի ծեր կին։