կիմացվի։ Դրան նա ավելացրեց, որ ինքը կոչվում է իմաստուն Մունյատոն։
— Ֆրեստոն կասեն,— ընդհատեց դոն Կիխոտը։
— Ես ի՞նչ իմանամ,— պատասխանեց աղջիկը,— Ֆրեստոն է, թե Ֆրիտոն, հիշում եմ միայն, որ անունը վերջանում էր տոն-ով։
— Այդպես է, որ կա,— ասաց դոն Կիխոտը,— դա մի իմաստուն կախարդ է, իմ ոխերիմ թշնամին, որովհետև իր արհեստի և գրքերի շնորհիվ իմացել է, թե հասնելու է ժամը, և ես մենամարտելու եմ մի ասպետի հետ, որին նա հովանավորում է, և թե ինձ վիճակված է հաղթել, հակառակ նրա բոլոր ճիգերին, ու հիմա աշխատում է ինձ ամեն տեսակ անախորժություն պատճառել։ Սակայն հավատացնում եմ, որ նա սխալվում է և չի խուսափի նախախնամությունից։
— Ո՞վ կարող է կասկածել որ,— ասաց զարմուհին։— Սակայն, ձերդ ողորմածություն, քեռի ջան, ո՞վ է ստիպում ձեզ մտնելու բոլոր այդ կռիվների մեջ։ Ավելի լավ չի՞ տանը խաղաղ նստեք, քան թափառեք աշխարհով մեկ, մեր ցորենի հացից առավել լավը որոնելու համար։ Հո գիտեք՝ պատահում է, որ մարդ բրդի հետևից է ընկնում և ինքն է խուզված վերադառնում։
— Ախ, զարմուհիս,— բացականչեց դոն Կիխոտը,— ինչ թյուր ես ըմբռնել դու այդ բանը։ Մինչև ինձ խուզեն, ես ինքս կպոկեմ բոլորի մորուքը, ովքեր միայն երևակայեն իմ մի հատիկ մազին դիպչել։
Տնտեսուհին ու դոն Կիխոտի զարմուհին որոշեցին այլևս չառարկել, որպեսզի չգրգռեն նրա զայրույթը։
ԴՈՆ ԿԻԽՈՏ ՄԱՆՉԱՑՈՒ
ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇԱՎԻ ՄԱՍԻՆ
Դոն Կիխոտը կես ամիս խաղաղ նստեց տանը, ոչ մի բանով չարտահայտելով իր առաջվա գժությունները շարունակելու ցանկությունը։ Այդ օրերի ընթացքում նա քանիցս զվարճալի զրույցներ ունեցավ իր երկու բարեկամների՝ քահանայի և սափրիչի հետ այն մասին, թե աշխարհս ոչ մի բանի այնքան կարիք չունի, ինչքան թափառական ասպետների և թե ինքը պիտի հարություն տա թափառական ասպետությանը։
Քահանան մեկ ընդդիմախոսում էր նրան, մեկ էլ առերես համաձայնում, որովհետև առանց այդ խորամանկությունը բանեցնելու հնարավոր չէր լինի ապացուցելու նրան իր մոլորությունը։
Այդ ընթացքում դոն Կիխոտն սկսեց համոզել մի գյուղացու, իր հարևանին, բարի մի մարդու, բայց ծերը պակաս։ Վերջ ի վերջո նա այնքան համոզեց, այնքան խոսեց ու բաներ խոստացավ, որ խեղճ գյուղացին համաձայնեց գնալ նրա հետ՝ որպես զինակիր։ Ի միջի այլոց, դոն Կիխոտը նրան խորհուրդ տվեց երկար ու բարակ չխորհել և անմիջապես ելնել թափառելու, որովհետև