Այս էջը հաստատված է

— Ձեր գեղեցկությունը, տիրուհիդ իմ,— ասում էր նա,— ազատ է հիմա տրամադրել իր անձը, որպես կամենա, որովհետև ձեզ փախցնողների հանդգնությունը կաշկանդված է արդեն իմ բազկի զորությամբ։ Եվ, որպեսզի ձեզ վիշտ չպատճառի ձեր փրկչի անունը չիմանալը, ես կասեմ, որ իմ անունը դոն Կիխոտ Մանչացի է։ Ես թափառական ասպետ եմ, արկածախնդիր, գերված գեղանի և աննման Դուլսինեա Տոբոսցով։ Իբրև վարձ այն ծառայության համար, որ ես հիմա ձեզ մատուցեցի, ձեզնից միայն մեկ բան կխնդրեմ՝ գնացեք Տոբոսո և պատմեցեք նրան, թե ինչ եմ արել ձեզ ազատելու համար։

Կառքին ուղեկցող ծառաներից մեկը ուշի-ուշով լսում էր դոն Կիխոտին։ Տեսնելով, որ նա չի ուզում թողնի կառքն առաջ ընթանա և պահանջում է, որ իսկույն ետ դառնան Տոբոսո, մոտեցավ դոն Կիխոտին և բռնելով նրա նիզակը ասաց.

— Գնա բանիդ, ասպետ, թե չէ քեզ տեղնուտեղը շան սատակ կանեմ։

Դոն Կիխոտը մեծ արժանապատվությամբ պատասխանեց.

— Թշվառ արարած, եթե դու ասպետ լինեիր, ես կպատժեի քո հանդգնությունն ու լրբությունը։

— Ինչպես թե ես ասպետ չեմ։ Նետիր նիզակդ, հանիր թուրդ, ու ես քեզ ցույց կտամ, որ քո կատուն ջուրը կընկնի[1]։

— Դու իսկույն այդ կտեսնես,— պատասխանեց դոն Կիխոտը և, դեն շպրտելով նիզակը, թուրը քաշեց, ծածկվեց վահանով ու հարձակվեց հակառակորդի վրա՝ նրան սպանելու հաստատ մտադրությամբ։ Սա ուզեց իր ջորուց ցած իջնել, բայց դա նրան չհաջողվեց, և նա ժամանակ ունեցավ միայն թուրը պատյանից հանելու։ Նրա բախտից կառքը հենց կողքին էր կանգնած, որտեղից դուրս քաշեց մի բարձ, օգտագործելով այն վահանի փոխարեն։ Եվ ահա մեր հակառակորդները կանգնեցին դեմառդեմ, որպես երկու մահացու թշնամիներ։

Ներկաները կամեցան նրանց հաշտեցնել, բայց գործը գլուխ չեկավ, որովհետև դոն Կիխոտի հակառակորդը երդվում էր, որ եթե իրեն խանգարեն մարտն ավարտելու, ապա նա իր տիրուհուն էլ կսպանի, և բոլորին էլ, ովքեր միջամտելու լինեն։ Կառքում նստած տիկինը, ապշած ու ահաբեկված այդ տեսարանից, հրամայեց, որ կառապանը մի քիչ դենը քշի ու սկսեց հեռվից հետևել կատաղի մարտին։ Այդ վայրկյանին ծառան դոն Կիխոտի վահանի վրայից այնպիսի մի հարված հասցրեց նրա ուսին, որ եթե վահանը խանգարած չլիներ, մեր ասպետի ուսն անշուշտ մինչև գոտին կկտրվեր։

Դոն Կիխոտը, շշմած կատաղի հարվածից, բարձրաձայն գոչեց.

— Օ, Դուլսինեա, իմ հոգու հատոր, ծաղիկ գեղեցկության, հասեք օգնության ձեր ասպետին, որ ձեր մեծամեծ առաքինություններին արժանանալու համար ընկել է այս ահավոր վտանգի մեջ։

Այդ ասելը, թուրը քաշելը, վահանով ծածկվելը և հարձակվելը մեկ եղավ։

  1. Այս արտահայտությունը հետևյալ խաղից է առաջ եկել։ Երկու կատուների պոչեր կապում են իրար և դնում են առվի մի ափին՝ մեկին, մյուս ափին՝ մյուսին։ Կատուները սկսում են իրար քաշել։ Որը կարողացավ մյուսին քաշել և հետևաբար ջուրը գցել, նա համարվում է հաղթող։