Այս էջը հաստատված է


այդ անցքի լուրը Սանտա Հերմանդադին[1] հասնի և այն ժամանակ մեզ կկալանավորեն, իսկ բանտ որ նստեցրին, աստված վկա, շատ քրտինք պիտի թափենք, որ այնտեղից դուրս գանք։

— Լռի՛ր,— ասաց դոն Կիխոտը։— Այդ որտե՞ղ ես դու տեսել կամ կարդացել, որ թափառական ասպետներին արյունահեղության համար դատի ենթարկեն։

— Արյունահեղության մասին ես բան չգիտեմ,— պատասխանեց Սանչոն,— և ես երբեք այդ գործով չեմ զբաղվել։ Գալով տուրուդմփոցին, գիտեմ, որ Սանտա Հերմանդադը դրանով շատ է հետաքրքրվում, մնացյալի մասին չեմ խոսում։

— Մի վշտանար, բարեկամս,— ասաց դոն Կիխոտը,— ես քեզ ոչ թե Հերմանդադի, նույնիսկ քաղդեացիների ձեռքից կազատեմ։ Բայց խղճի մտոք ասա ինձ՝ տեսե՞լ ես դու երբևիցե աշխարհիս երեսին ինձնից ավելի խիզախ ասպետ։ Կարդացե՞լ ես դու վեպերում, որ որևէ ասպետ ավելի արիություն ցուցաբերած լինի հարձակվելիս, ավելի համառություն՝ պաշտպանվելիս, ավելի մահաբեր լինի հարվածելիս և ավելի ճկուն՝ թամբից ցած գլորելիս։

— Ճիշտն ասած,— պատասխանեց Սանչոն,— կյանքումս ոչ մի վեպ չեմ կարդացել, որովհետև ես կարդալ-գրել չգիտեմ։ Բայց գրազ կգամ, որ ավելի արի տիրոջ, քան ձերդ ողորմածությունն է, ես կյանքումս չեմ ծառայել, և, տա աստված, որ այդ արիության համար մենք նեղը չընկնենք։ Սակայն խնդրում եմ, ձերդ ողորմածություն, հոգացեք ձեր մասին, ախր ձեր ականջից սաստիկ արյուն է գալիս։ Բարեբախտաբար, պայուսակիս մեջ վիրակապ ու սպիտակ սպեղանի կա։

  1. Սանտա Հերմանդադ կնշանակի՝ սուրբ միաբանություն, որ ուներ դատարաններ և գյուղական պահակներ՝ հանցագործներին դատելու և պատժելու համար։