Այս էջը հաստատված է


բնական պահանջները, քանի որ ի վերջո նրանք էլ մեզ նման մարդիկ են։ Իսկ որովհետև նրանք իրենց կյանքի մեծ մասը անտառներում և անապատներում են անցկացրել, ապա խոհարարներ չէին ունենում և, պետք է ենթադրել, որ նրանց սովորական սնունդը գեղջկական հասարակ սնունդ է եղել, հիմա ինձ առաջարկածիդ պես մի բան։ Ուստի, Սանչո բարեկամ, թող քեզ չվշտացնի այն, ինչ ուրախացնում է ինձ, մի աշխատիր նոր-նոր բաներ հնարել և թափառական ասպետներին ճամփից շեղել։

— Ներեցեք ինձ, ձերդ ողորմածություն,— ասաց Սանչոն,— ես ոչ գրել գիտեմ, ոչ էլ կարդալ, ինչպես մի անգամ արդեն ասել եմ, ուստի ասպետական պաշտոնի կանոններն էլ երբեք չեմ կարդացել։ Այսուհետև ես պայուսակիս մեջ ամեն տեսակ չոր պտուղների պաշար կպահեմ ձեզ համար, որովհետև ձերդ ողորմածությունն ասպետ է, իսկ ինձ համար,— քանի որ ասպետ չեմ,— որսի միս և ընդհանրապես ավելի էական բաներ։

— Իմ ասածը բոլորովին այն չէր, Սանչո,— առարկեց դոն Կիխոտը,— որ թափառական ասպետները պարտավոր են միայն չոր միրգ ուտել։ Ես միայն նկատեցի, որ նրանք սովորաբար դրանով են սնվել, մեկ էլ մի քանի տեսակ դաշտային բանջարներով, որ գիտեին գտնել դաշտերում։ Ես էլ դա լավ գիտեմ։

— Օգտակար բան է ճանաչել այդ բանջարները,— ասաց Սանչոն,— որովհետև, ինչպես ինձ թվում է, այդ գիտությունը մի օր մեզ պետք կգա։

Այստեղ նրանք պայուսակից հանեցին իրենց պաշարը և երկուսով, հաշտ ու խաղաղ, սկսեցին ուտել։ Սակայն գիշերվա օթևան գտնելու ցանկությունից դրդված՝ նրանք կարճեցին իրենց չոր ու ցամաք ճաշը, իսկույն նստեցին մեկն՝ իր երիվարը, մյուսն՝ իր էշը և քշեցին, հուսով, որ մինչև մութն ընկնի հասնեն բնակելի մի վայր։ Սակայն արևը մայր մտավ և նրա հետ անհետացավ ցանկացածին հասնելու հույսը, իսկ որովհետև նրանք այծ արածացնողների վրանների մոտ էին, ուստի որոշեցին հենց այստեղ էլ կանգ առնել։ Որքան Սանչոն վշտանում էր, որ գյուղ հասնել չկարողացան, այնքան դոն Կիխոտը, ընդհակառակը, ուրախ էր բաց երկնքի տակ գիշերը անցկացնելու մտքից, որովհետև ամեն անգամ, երբ այդպիսի բան էր պատահում, նա դա հաջողության նշան էր համարում, որը հաստատում էր իր ասպետական իրավունքները։

ԳԼՈԻԽ X
ԹԵ ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԴՈՆ ԿԻԽՈՏԻ ԵՎ
ԱՅԾԱՐԱԾՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Այծարածները նրանց սիրալիր ընդունեցին, և Սանչոն, որքան կարելի է լավ հոգ տանելով Ռոսինանտի և իր էշի մասին, դիմեց այն կողմը, որտեղից այծի մսի հոտ էր գալիս։ Ու թեև նրան քաշում էր անհապաղ մսի համը տեսնելու ցանկությունը՝ պիտանի՞ է արդյոք միսը կաթսայից անմիջապես ստամոքսն ուղևորելու, այնուհանդերձ նա իրեն զսպեց, որովհետև այդ իսկ վայրկյանին