ԳԼՈՒԽ I
ՈՐ ՊԱՏՄՈՒՄ Է ՀՌՉԱԿԱՎՈՐ ՀԻԴԱԼԳՈ
ԴՈՆ ԿԻԽՈՏ ՄԱՆՉԱՑՈՒ
ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԻ ՄԱՍԻՆ
Մանչայի գյուղերից մեկում մի կալվածատեր էր ապրում։ Նա ուներ նիզակ, հին վահան, քնձռոտ մի ձի և որսորդական շուն։ Նրա եկամտի երեք քառորդը կլանում էր սնունդը՝ տաք կերակուր, ավելի հաճախ տավարի մսից, քան ոչխարի, ընթրիքին՝ սովորական ապուր, շաբաթ օրերը՝ խաշ, ուրբաթ՝ ոսպ, իսկ կիրակիները, բացի այդ, ևս մի աղավնի։ Մնացածը գնում էր հագուստի՝ նուրբ մահուդից կարած կապա, թավշյա տաբատ և նույն կտորից հողաթափ՝ տոն օրերի համար, իսկ շաբաթվա մնացյալ օրերին տնայնագործ մահուդից զգեստ էր հագնում։ Նա տանը տնտեսուհի էր պահում, որ քառասունն անց էր, քրոջ աղջկան, որ քսանին մոտ էր, և առտնին ու դաշտային աշխատանքների համար մի ծառա, որ տեղը եկած ժամանակ կարող էր ձի էլ թամբել, պարտեզում էլ մկրատ բանեցնել։ Մեր հիդալգոն[1] մոտ հիսուն տարեկան կլիներ։ Նա ուներ ամուր ու նիհար կազմվածք, սուր դեմք, վեր էր կենում լույսը չբացված և որսորդության սիրահար էր։
Դուք պետք է իմանաք, որ վերոհիշյալ հիդալգոն ազատ ժամերին (ասել է, թե՝ գրեթե ողջ տարին) անձնատուր էր լինում ասպետական վեպերի ընթերցանության այնպիսի հափշտակությամբ ու մոլությամբ, որ որսն էլ էր
- ↑ Հիդալգո—ազնվական, կալվածատեր։