հովիվները կաթսան կրակից վերցրին և, գետնին ոչխարի մորթիներ փռելով, արագ-արագ բացեցին իրենց գեղջկական սեղանը, ապա մեծ սիրալիրությամբ առաջարկեցին մեր ճամփորդներին օգտվել իրենց սեղանից։ Բոլոր վեց հովիվները, որ հսկում էին հոտը, նստեցին ոչխարի մորթիների վրա, նախապես անշնորհք քաղաքավարությամբ խնդրելով դոն Կիխոտին, որ շուռ տված տաշտի վրա տեղ գրավի։ Դոն Կիխոտը նստեց, իսկ Սանչոն ոտքի վրա մնաց, որ նրան սպասարկի և մատուցի եղջյուրից շինած գավաթը։
Սակայն մեր ասպետը, տեսնելով, որ նա չի նստում, ասաց․
— Որպեսզի դու տեսած լինես, Սանչո, թե ինչ բարիք է պարփակվում թափառական ասպետության մեջ և թե ինչ արագությամբ մարդիկ, որ այսպես թե այնպես ծառայում են նրան, հասնում են աշխարհում հարգանքի և պատվի, ես կամենում եմ, որ դու նստես իմ կողքին այս բարի մարդկանց շրջանում և հավասար լինես ինձ՝ քո տիրոջը և բնական պարոնին, որ դու իմ ափսեից ուտես և նույն թասից խմես, որից խմում եմ ես, որովհետև թափառական ասպետության մասին կարելի է ասել նույնը, ինչ որ սովորաբար սիրո մասին է ասվում՝ բոլորին հավասարեցնում է։
— Խորին շնորհակալություն,— պատասխանեց Սանչոն,— Բայց ահա թե ինչ կասեմ ես ձերդ ողորմածությանը՝ թող ուտելու բան ունենամ, իսկ կանգնած ու մենակ ուտելը, թերևս, ինձ համար ավելի հարմար լինի, քան կայսեր կողքին նստած։ Եվ եթե թույլ տաք շիտակն ասել, ապա իմ սեփական անկյունում սոխով հաց ուտելը, առանց ծեսերի և արարողությունների, շատ ավելի դուրեկան է, քան ուրիշի սեղանից հնդկահավ ուտել և հարկադրված լինել դանդաղ ծամելու, սակավ խմելու, ամեն վայրկյան բերան սրբելու, չհազալու, չփռշտալու, երբ որ հազդ ու փռշտոցդ գալիս է և չանելու շատ ուրիշ բաներ, որ թույլատրվում է մարդուս ազատ և մենակ միջոցին։ Ուստի, տեր իմ, պատիվների փոխարեն, որ ձերդ ողորմածությունն ուզում է ինձ արած լինել, որպես թափառական ասպետի ծառայի, քանի որ ես ձերդ ողորմածության զինակիրն եմ, շնորհեցեք ինձ ավելի հարմար ու շահավետ բան։ Իսկ այս պատիվը ես ընդունում եմ շնորհակալությամբ, բայց հրաժարվում եմ նրանից այժմ և մինչև ի կատարածն աշխարհի։
— Չնայած դրան, դարձյալ նստիր,— և քաշելով նրա թևից, դոն Կիխոտը ստիպեց, որ նստի իր կողքին։
Հովիվները զինակիրներից և թափառական ասպետներից բան չէին հասկանում։ Նրանք զոռ էին տալիս ուտելուն և լռելյայն նայում էին հյուրերին, որոնք մեծ ախորժակով խժռում էին բռունցքի մեծությամբ կտորներ։
Երբ որ միսը վերջացավ, հովիվներն ահագին քանակությամբ տկողին դրեցին մորթիների վյրա, հետն էլ կես գլուխ պանիր, որ այնքան պինդ էր, ասես կրից լիներ շինած։
Իսկ եղջյուրե թասը անգործ չէր մնում (մեկ՝ լիքը, մեկ՝ դատարկ), ինչպես ջուր քաշող դույլ, նա այնպիսի արագությամբ էր շրջան գործում, որ երկու տկերից մեկը շուտով դատարկվեց։
Երբ որ դոն Կիխոտը իր փորը մի լավ կշտացրեց, մի բուռ տկողին վերցրեց և, ուշի-ուշով զննելով, սկսեց հետևյալ խոսքը․