— Սրանից էլ վատթար ձախորդություն կլինի՞,— պատասխանեց Սանչոն,— որ ժամանակը թեթևացնի և մահը բուժի։ Եթե մեր ցավը լավ դեղով լավացող լիներ՝ կեսցավ կլիներ։ Բայց, կարծես, հիվանդանոցի բոլոր դեղերն էլ հիմա մեզ չեն օգնի։
— Թող գանգատներդ, Սանչո, և արիացիր։ Ինձնից օրինակ վերցրու,— ասաց դոն Կիխոտը։— Տեսնենք, թե Ռոսինանտի բանն ինչպես է, որովհետև, կարծես, խեղճին մեզնից պակաս չի հասել։
— Զարմանալի չէ, որ այդպես էլ լինի,— պատասխանեց Սանչոն,— քանի որ նա էլ է թափառական ասպետ դարձել։ Զարմանքն այն է, որ իմ էշն է հեշտ պրծել, առանց մի մազ կորցնելու, մինչդեռ մենք քիչ էր մնացել կաշվից զրկվեինք։
— Բավական է, բարեկամ,— ասաց դոն Կիխոտը,— վեր կաց, քանի էշիդ էլ որևէ դժբախտություն չի պատահել, գնանք, քանի գիշերը դեռ վրա չի հասել այս ամայի վայրում։
Ախ ու վախ քաշելով, հոգոց հանելով, անիծելով նրան, ով իրեն այս գործի մեջ է գցել, Սանչոն վեր կացավ, բայց կեսճամփին կորացավ, ասես տաճկական աղեղ լիներ, ուժ չունենալով շտկվել։ Մեծամեծ ճիգերով փալանեց էշին, որն այդ օրը տեղի ունեցած անկարգությունից ասես շփոթված՝ թափառում էր մի քիչ հեռու։ Ապա Սանչոն բարձրացրեց Ռոսինանտին, որը, եթե գանգատվելու համար լեզու ունենար, Սանչոյից ետ չէր մնա։ Ի վերջո Սանչոն պառկեցրեց տիրոջը էշի վրա, հետևից կապեց Ռոսինանտին և բռնելով էշի նոխտան, մի կերպ քարշ եկավ այն կողմը, որտեղից թվում էր, թե պիտի մեծ ճամփան անցներ։ Հազիվ մեկ մղոն անցած լիներ, բախտը, որ նրան մեկ չարիքից դեպի մյուսն էր տանում, հանեց նրան այն ճամփան, որտեղ նրանք շուտով մի իջևանատուն տեսան, որը դոն Կիխոտին (և բնավ ոչ Սանչոյին) դղյակ թվաց։
Սանչոն հավատացնում էր, թե դա իջևանատուն է, իսկ նրա տերը թե՝ դղյակ է։ Երկար տևեց նրանց վեճը, մինչև որ նրանք տեղ հասան և ներս մտան իջևանատան բակը։
ԹԵ ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԽՈՐԱՄԱՆԿԱՄԻՏ ՀԻԴԱԼԳՈՅԻՆ ԻՋԵՎԱՆԱՏԱՆԸ,
ՈՐԸ ՆԱ ԴՂՅԱԿԻ ՏԵՂ ԷՐ ԴՐԵԼ
Իջևանատերը, տեսնելով էշի վրա պարկի պես ընկած դոն Կիխոտին, հարցրեց Սանչոյից, թե ինչ դժբախտություն է պատահել այդ մարդուն։ Սանչոն պատասխանեց, թե նա վայր է ընկել ժայռից և կողքը մի քիչ ցավացրել։
Իջևանատերը կին ուներ, բնականից շատ սրտացավ և մերձավորի ցավին ցավակցող։ Նա շտապեց օգնության հասնելու դոն Կիխոտին և իր աղջկան էլ հրամայեց, որ օգնի։
Նույն իջևանատանը մի աղջիկ էր ծառայում, լայնադեմ, քիթը կճատ,