տափակ ծոծրակով և մեկ աչքով կույր, ասենք մյուսն էլ մի բանի նման չէր։ Իսկ ուսերը ծառանում էին սապատի պես, հարկադրելով, որ նա գետնին նայի ավելի, քան կկամենար։
Սա էլ սկսեց օգնել իջևանատիրոջ աղջկան, և նրանք երկուսով դոն Կիխոտի համար վատթարագույն անկողին գցեցին մարագում, որը, բոլոր նշաններից երևում էր, երկար ժամանակ պահեստ էր եղել։ Նույն տեղը մի ջորեպան էլ էր գիշերում, որի անկողինը դոն Կիխոտի տեղից մի քիչ հեռու էր։ Թեև ջորեպանի տեղը ջորիների փալաններից և քեչաներից էր շինած, դարձյալ դոն Կիխոտի անկողնուց շատ լավն էր։ Դոն Կիխոտի մահճակալը չորս հատ վատ ռանդած տախտակից էր, որ դրված էին անհավասար ոտքերի վրա, մի ներքնակից՝ վերմակի հաստությամբ, լի այնքան պինդ-պինդ գնդերով, որ կարելի էր քարերի տեղ դնել, եթե ծակոտիներից բուրդը դուրս եկած չլիներ։
Ահա այդ անկողնում պառկեց դոն Կիխոտը, և իսկույն իջևանատիրոջ կինը, իր աղջկա հետ, սկսեցին նրան ոտից գլուխ սպեղանի քսել, իսկ Մարիտոռնեսը (այդպես էր աղախնի անունը) բռնել էր ճրագը։
Դոն Կիխոտի մարմնի վրա բազմաթիվ կապտած տեղեր տեսնելով, իջևանատիրոջ կինն ասաց, որ դրանք ավելի հարվածի, քան թե վայր ընկածի հետքի են նման։
— Իսկի էլ հարվածի հետքեր չեն,— պատասխանեց Սանչոն,— այլ ժայռը ծածկված էր սուր-սուր քարերով, որոնցից յուրաքանչյուրը մի-մի կապտած տեղ էր թողել։
Սրան նա ավելացրեց.