Այս էջը հաստատված է

— Բարի եղեք, տիկին, այդ դեղից մի քիչ պահեցեք, իմ գոտկատեղն էլ է կոտրատվում։

— Ուրեմն դուք է՞լ եք վայր ընկել,— հարցրեց իջևանատիրոջ կինը։

— Վայր ընկնելը վայր չեմ ընկել,— պատասխանեց Սանչո Պանսան,— միայն հենց տեսնելուց, թե ինչպես վայր ընկավ իմ տերը, այնպես ցնցվեցի, որ ողջ մարմինս ցավեց, ասես թե հազար փայտի հարված կերա։

— Կպատահի,— ասաց իջևանատիրոջ աղջիկը,— ինձ էլ է հաճախ պատահում երազիս տեսնել, իբր թե վայր եմ ընկնում աշտարակից և չեմ կարողանում ընկնել պրծնել և երբ որ հետո զարթնում եմ, այնպես եմ ջարդված լինում, մարմինս այնպես է կոտրատվում, ասես թե իսկապես վայր եմ ընկած եղել։

— Բանն էլ այն է, տիրուհի,— ասաց Սանչոն,— որ առանց երազի, ուղղակի արթմնի, հիմիկվա պես, մարմինս կապտեց ոչ պակաս, քան դոն Կիխոտինը, իմ տիրոջինը։

— Այս կաբալյերոյի անունն ի՞նչ է,— հարցրեց Մարիտոռնեսը։

— Դոն Կիխոտ Մանչացի,— պատասխանեց Սանչո Պանսան։— Նա թափառական ասպետ է, աշխարհիս երեսին եղածներից ամենափառավորն ու զորավորներից մեկը։

— Իսկ ի՞նչ բան է թափառական ասպետը,— դարձյալ հարցրեց սպասուհին։

— Մի՞թե երբեք չեք լսել,— բացականլեց Սանչո Պանսան։— Դե իմացած եղեք, քույրիկ, թափառական ասպետն այնպիսի բան է, որ աչք ճպելու ժամանակ չես ունենա, որ նա կարող է ծեծ ուտել և կայսր դառնալ։ Այսօր նա աշխարհիս երեսին ամենադժբախտ և թշվառ էակն է, իսկ վաղը նա իր զինակրի համար երեք-չորս թագավորություն կունենա՝ դե ընտրիր։

— Այդ ինլպե՞ս է,— հարցրեց տանտիկինը,— որ ձեր տերը այդքան կարևոր անձնավորություն է, իսկ դուք, ինչպես տեսնում եմ, իսկի մի կոմսություն էլ չեք ձեռք գցել։

— Դա այդքան էլ արագ չի լինում,— պատասխանեց Սանչոն։— Հազիվ մի ամիս է, ինչ մենք արկածախնդրության ենք ելել և մինչև օրս դեռ մի կարգին արկածի չենք հանդիպել։ Երբեմն լինում է, որ մեկ բանի հետևից ես գնում, իսկ բոլորովին ուրիշն ես գտնում։ Բայց ճիշտ եմ ասում, եթե միայն իմ տիրոջ՝ դոն Կիխոտի, վերքերն առողջանան, որ վայր ընկնելուց եղան, ես էլ կենդանի մնամ, ես իմ հույսերը չեմ փոխի Իսպանիայի առաջնագույն իշխանության հետ։

Այս խոսակցությանն ուշի-ուշով ականջ էր դնում դոն Կիխոտը։ Դժվարությամբ բարձրանալով իր անկողնում, նա բռնեց տանտիրուհու ձեռքն ու ասաց.

— Հավատացեք, չքնաղ տիրուհի, դուք կարող եք երջանկություն համարել, որ ձեր դղյակում ինձ պես մի անձնավորության ապաստան եք տվել, որովհետև եթե ես ինքս ինձ չեմ գովում, ապա միմիայն այն պատճառով, որ, ինչպես ասում են, գովասանքն ինքն իրեն ստորացնում է։ Սակայն իմ զինակիրը կպամի ձեզ, թե ով եմ ես։ Ես միայն այն կասեմ, որ իմ հիշողության