Այս էջը հաստատված է


ուզեր-չուզեր փախավ։ Զգալով, որ իրեն դնգստում են և չտեսնելով հակառակորդին, Սանչոն վեր թռավ, բռնեց Մարիտոռնեսին և մի ծիծաղելի տուրուդմփոց սկսվեց։

Իջևանատիրոջ ձեռքի ճրագը մարեց։ Հարվածները մթան մեջ տեղում էին ում որ հասնի և այնքան անողոք, որ ում դիպչում էին՝ ցած էին գցում։ Պատահաբար նույն իջևանատանը գիշերում էր Սանտա Հերմանդադի պահակներից մեկը։ Լսելով կռվի աղմուկը, նա վերցրեց իր կարճ գավազանը և թիթեղյա տուփը, խավարի մեջ մտավ մարագն ու ճչաց.

— Կա՛նգ առեք, հանուն արդարադատության, կա՛նգ առեք, հանուն Սանտա Հերմանդադի։

Առաջին մարդը, որին նա դեմ առավ, դոն Կիխոտն էր, որ անզգա պառկած էր մեջքին, իր փլված անկողնու վրա։

Բռնելով նրա մորուքից, պահակը մի քանի անգամ գոռաց.

— Հասեք օգնության արդարադատությանը։

Սակայն տեսնելով, որ իր բռնած մարդը չի շարժվում, նա կարծեց, թե սպանված է, իսկ սենյակում գտնվող մյուս մարդիկ մարդասպաններ են, ուստի բարձր աղաղակեց.

— Փակե՛ք դարպասը։ Ոչ ոքի բաց չթողնեք, որովհետև այստեղ մարդ է սպանվել։

Այդ աղաղակից բոլորն էլ վախեցան և վերջ տվին կռվին։ Իջևանատերը շտապ վերադարձավ իր սենյակը, ջորեպանը՝ իր փալանների մոտ, սպասուհին՝ իր խցիկը։ Միայն խեղճ դոն Կիխոտն ու խեղճ Սանչոն չկարողացան տեղից շարժվել։

Միաբանության պահակը, բաց թողնելով դոն Կիխոտի մորուքը, գնաց ճրագ գտնի, որ բռնի և կալանավորի ոճրագործներին։ Բայց նա չկարողացավ ճրագ գտնել, որովհետև իջևանատերը դիտմամբ հանգցրել էր մուտքի լապտերը, և նա հարկադրված եղավ օջախի մոտ գնալու, որտեղ մեծ դժվարությամբ, վերջապես, կարողացավ վառել իր ճրագը։

ԳԼՈՒԽ XIII
ՈՐ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ Է ԱՐԻ ԴՈՆ ԿԻԽՈՏԻ
ԵՎ ՆՐԱ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԶԻՆԱԿՐԻ ԿՐԱԾ
ՀԵՏԱԳԱ ԱՆՀԱՄԱՐ ԱՂԵՏՆԵՐԸ ԻՋԵՎԱՆԱՏԱՆԸ,
ՈՐԸ ՄԵՐ ԱՍՊԵՏԸ, ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ԴՂՅԱԿԻ ՏԵՂ ԷՐ ԴՐԵԼ

Մինչ այս, մինչ այն, դոն Կիխոտը ուշքի եկավ և դիմեց իր զինակրին.

— Սանչո, բարեկամս, դու քնա՞ծ ես։ Քնա՞ծ ես դու, Սանչո բարեկամ։

— Էլ ի՞նչ քուն,— պատասխանեց Սանչոն վշտալից,— սատանաները կարծես այս գիշեր գլխիս էին թափվել։

— Միանգամայն հիմք ունես այդպես մտածելու,— պատասխանեց դոն Կիխոտը,— որովհետև կամ ես բան չեմ հասկանում, կամ այս դղյակը կախարդված է։ Իմացած եղիր․․․ Ասենք, նախ դու պետք է երդվես, որ այս ամենը