Այս էջը հաստատված է

ինչ ես քեզ կպատմեմ, գաղտնի կպահես թե իմ կենդանության օրոք, թե իմ մահից հետո։

— Երդվում եմ,— ասաց Սանչոն։

— Դե լավ,— շարունակեց դոն Կիխոտը, այսպես թե այնպես ես վստահ եմ, որ դու ազնիվ ես և սիրում ես ինձ։ Դե իմացած եղիր, որ այս գիշեր ինձ պատահեց ամենազարմանալի արկածներից մեկը, որոնցով ես կարող եմ պարծենալ։ Կարճ՝ նոր էր եկել մոտս այս դղյակի տիրոջ աղջիկը, չքնաղագեղ ու հրապուրիչ մի աղջիկ, որ կարելի է գտնել աշխարհիս երեսին։ Այն միջոցին, երբ ես նրա հետ ամենաքնքուշ ու սիրալիր խոսակցություն ունեի, անտեսանելի և անհայտ հրեշի ձեռքը տարավ-բերեց և իմ ծնոտին այնպիսի հարված հասցրեց, որ բերանս մինչև հիմա էլ արնակալած է։ Դրանից հետո էլ ինձ այնպես ջարդուբուրդ արեց, որ հիմա դրությունս ավելի վատ է, քան թե երեկ, երբ ձիապանները մեզ վիրավորեցին, ինչպես դու հիշելիս կլինես, Ռոսինանտի անզսպության պատճառով։ Դա հարկադրում է ինձ ենթադրել, որ այդ աղջկա անգին գեղեցկության գանձը պահպանում է որևէ հմայված մավր, այն էլ ոչ ինձ համար։

— Ոչ էլ անշուշտ ինձ համար,— հարեց Սանչոն,— որովհետև չորս հարյուրից ավելի մավրեր այնպես ման եկան մեջքիս վրա, որ դրա հետ համեմատած երեկվա մահակները հալվա ու փախլավա են։ Բայց ասացեք, պարոն, ինչպես կարող եք դուք մեզ այսպիսի մի կացության մեջ գցող արկածը հազվագյուտ անվանել։

— Ինչպե՜ս, մի՞թե քեզ էլ են ծեծել,— հարցրեց դոն Կիխոտը։

— Բայց ես ձեզ չասացի՞ այդ, անիծյա՜լ լինեն իմ ծնողները,— պատասխանեց Սանչոն։

— Մի՛ վշտանար, բարեկամս,— ասաց դոն Կիխոտը,— ես իսկույն կպատրաստեմ իմ թանկագին բալասանը, և դու աչք ճպելու ժամանակ չես ունենա, ինչ մենք բուժված կլինենք։

Այդ իսկ վայրկյանին պահակը, որ վերջապես հաջողացրեց ճրագը վառել, ներս մտավ, որ տեսնի կարծեցյալ մեռելին։ Տեսնելով, որ միայն շապիկը հագին, գլուխը թաշկինակով կապած, ճրագը ձեռքին և ոչ մի բարի բան չգուշակող դեմքով մարդ է մոտենում իրենց, Սանչոն հարցրեց տիրոջից.

— Պարոն, չլինի թե հմայված մավրը հենց սա է, որ իր գործը չի ավարտել և վերադարձել է, որ մեզ սպանի պրծնի։

— Սա չի կարող մավր լինել,— պատասխանեց դոն Կիխոտը,— որովհետև հմայվածները անտեսանելի են լինում։

— Թե տեսնել չի լինի, հո զգալ կլինի՞,— պատասխանեց Սանչոն,— իմ կողերը կարող են պատմել դրա մասին։

— Իմն էլ,— ասաց դոն Կիխոտը,— բայց դա դեռ չի նշանակում, թե մեր տեսած մարդը հմայված մավրն է։

Պահակը մոտենալով և տեսնելով նրանց խաղաղ խոսելիս, սաստիկ զարմացավ։ Պետք է ձեզ ասեմ, որ դոն Կիխոտը շարունակում էր մեջքի վրա պառկած մնալ, ուժ չունենալով տեղից շարժվելու ծեծի և սպեղանիների պատճառով։ Պահակը մոտեցավ նրանց ու հարցրեց.

— Է՜հ, ի՞նչ օրի ես, խղճուկ։