որի առաստաղը երկնակամարն էր։ Այստեղ Սանչոյին վերմակի մեջտեղը դնելով, նրանք սկսեցին վեր-վեր գցել։
Վեր գցվողի տառապալից ճիչերը այնքան սուր էին, որ հասան իր տիրոջ ականջին, որը սկզբում կարծեց, թե իրեն որևէ նոր արկած է հանդիպել, սակայն շուտով ճանաչեց զինակրի ձայնը։ Շուռ տալով ձիու գլուխը, նա ահավոր արագությամբ քշեց, ետ եկավ իջևանատուն և, դարպասը փակ գտնելով, սկսեց շուրջը պտույտ գալ, որոնելով մուտքը։ Սակայն հազիվ էր մոտեցել հետին բակի ցանկապատին, որը շատ էլ բարձր չէր, տեսավ այն ուրախ խաղը, որ խաղում էին իր զինակրի գլխին։ Նրա աչքի առջև զինակիրը թռչում էր օդ և ապա վայր ընկնում այնպիսի զվարճալի արագությամբ, որ եթե դոն Կիխոտի ցասումը չբռնկեր, կարելի է համոզված լինել, որ նա ծիծաղից կթուլանար։ Նա փորձեց ձիուց անցնել ցանկապատի վրա, բայց այնքան թույլ ու ջարդված էր, որ չկարողացավ անգամ ձիուց իջնել։ Ուստի, շարունակելով ձիու վրա նստած մնալ, նա սկսեց չարաճճիների վրա կարկուտի պես այնպիսի անեծք ու հիշոց թափել, որ գրիչս հրաժարվում է վերարտադրել։ Իսկ հանաքչիները, չնայած դրան, չէին դադարում ուրախ-զվարթ աշխատելուց, ինչպես և չէին դադարում օդում թռչկոտող Սանչոյի վայնասունները, որոնց մեջ միախառնվում էին աղերսանքն ու սպառնալիքը։ Այդ ամենը, սակայն, նրան քիչ էր օգնում։ Վերջապես տղերքը, հոգնելով, իրենք թողին խաղը։ Այստեղ նրանք էշը քաշեցին, նստեցրին Սանչոյին փալանի վրա և վերմակը գցեցին նրա ուսին, իսկ սրտացավ Մարիտոռնեսը, տեսնելով, թե նա ինչպես է տանջվել, վճռեց, որ պատեհ կլինի կազդուրել նրան մի գավաթ ջրով, որը և բերեց նրա համար ջրհորից։ Սանչոն վերցրեց գավաթը և արդեն տարել էր բերանը, որ հանկարծ կանգ առավ, լսելով իր տիրոջ բարձր ճիչը․
— Սանչո, զավակս, ջուր մի՛ խմիր։ Մի՛ խմիր, զավակս, եթե չես ուզում մեռնել։ Տես, ահա հրաշագործ բալասան (այս խոսքերի վրա նա ցույց տվեց թիթեղյա ամանը), որի երկու կաթիլը քեզ իսկույն կբուժի։
Բայց, ի պատասխան, Սանչոն միայն խեթ-խեթ նայեց նրան և ոչ պակաս բարձր բղավեց.
— Ձերդ ողորմածությունը մոռացել է, հա՞, որ ես ասպետ չեմ և կամենում է, որ ես այս գիշերվանից մնացած վերջին փորոտիքս փսխե՞մ։ Ձեր խմիչքը՝ ձեզ մնա, հազար սատանա, իսկ ինձ հանգիստ թողեք։
Վերջին խոսքերը նա արտասանեց արդեն քիթը կոխած գավաթի մեջ։ Սակայն առաջին իսկ կումից նկատելով, որ հասարակ ջուր է, նա չկամեցավ շարունակել և գինի խնդրեց։ Գինին խմելուց հետո՝ նա կրունկներով տվեց էշի կողերին և, դարպասը լայն բանալով, դուրս եկավ բակից, սաստիկ գոհ մնալով, որ բան չվճարեց և իր ասածը եղավ, թեև ոչ առանց վնասի իր սովորական երաշխավորների՝ կողերի համար։ Ճիշտ է, իջևանատերը պահել էր նրա ճամփորդական պայուսակը՝ հաշվի դիմաց, բայց Սանչոն դուրս գալուց այնքան հուզված էր, որ դա չնկատեց։