Նայելով այս ամենին, Սանչոն միայն զարմանում էր իր տիրոջ խիզախությունից և խորհում.
— Երևի, իրոք, իմ տերը այնպես խիզախ ու զորեղ է, ինչպես որ ասում է։
Ջորուց վայր ընկածի մոտ, գետնին, մի վառ ջահ կար, որի լույսից դոն Կիխոտը նկատեց ընկածին։ Մոտենալով, նա իր նիզակի սուր ծայրը մոտեցրեց նրա դեմքին և հրամայեց, որ անձնատուր լինի, թե չէ կսպանի։ Սա պատասխանեց.
— Ես ավելի քան անձնատուր եմ եղել, որովհետև ոտքս ջարդված է և չեմ կարող տեղիցս շարժվել։ Աղաչում եմ, որ ձերդ ողորմածությունը չսպանի ինձ։
— Ո՞ր սատանան ձեզ այստեղ բերեց,— հարցրեց դոն Կիխոտը։
— Իմ չար բախտը, պարոն,— պատասխանեց պարտվածը։
— Ձեր բախտն առավել վատթար կլինի,— ասաց դոն Կիխոտը,— եթե դուք կարգին չպատասխանեք այն հարցերին, որ ես նոր տվի ձեզ։
— Սիրով կբավարարեմ ձերդ ողորմածությանը,— պատասխանեց գետնին ընկածը։— Թույլ տվեք զեկուցեմ ձերդ ողորմածությանը, որ մենք ուղևորվոլմ էինք Սեգովիա, ուղեկցելով սայլի վրա դրած մի ազնվականի դիակին, որ վախճանվել է Բաեսում։ Նա սկզբում այնտեղ է թաղված եղել, իսկ հիմա մենք նրա աճյունը փոխադրում ենք նրա ծննդավայրը՝ Սեգովիա, իր տոհմական դամբարանը։
— Ո՞վ է սպանել նրան,— հարցրեց դոն Կիխոտը։
— Ջերմը, որ նրան գերեզման տարավ։
Դոն Կիխոտը ձայն տվեց Սանչոյին։ Սակայն սա ստիպեց իրեն երկար սպասել, զբաղված լինելով մի ջորու բեռ քակելով։ Այդ ջորին գալիս էր այս բարի մարդկանց հետևից՝ բեռնված ամեն տեսակ ուտելեղենով։ Իր վերարկուն պարկ դարձնելով և մեջը դնելով այնքան բարիք, ինչքան կարողացավ վերցնել և մեջը տեղավորել, Սանչոն բեռը գցեց էշի վրա և միայն դրանից հետո գնաց տիրոջ մոտ։ Սա օգնեց վայր ընկածին դուրս գալու ջորու տակից և ապա, խեղճին փալանի վրա նստեցնելով, ջահը տվեց ձեռքը։ Հետո առաջարկեց նրան, որ գնա հասնի իր ուղեկիցներին և հայտնի նրանց, որ ինքը՝