դոն Կիխոտը, ներողություն է խնդրում ակամա հասցրած վիրավորանքների համար։
Սանչոն դրան ավելացրեց․
— Եթե այդ պարոնները ցանկանալու լինեն իմանալ, թե ով է այն քաջարին, որ այնքան ճարպիկ իրենց հախիցը եկավ, ասացեք նրանց, ձերդ ողորմածություն, որ հռչակավոր դոն Կիխոտ Մանչացին է, Վշտակերպ Ասպետ կոչեցյալը։
Երբ ջորին շարժվեց, դոն Կիխոտը հարցրեց Սանչոյից, թե ինչու հանկարծ նրա խելքին փչեց իրեն Վշտակերպ Ասպետ անվանել։
— Իսկույն բացատրեմ ձեզ,— պատասխանեց Սանչոն։— Ջահի լույսի տակ մի վայրկյան ձեզ տեսա թե չէ, այն ջահի, որ դժբախտը հիմա տանում է, իսկույն ինձ թվաց, որ ձեր տեսքը, ճիշտն ասած, այնքան թշվառ է, որքան առաջ երբեք չէի տեսել։ Երևի դա նրանից է, որ ձեզ սաստիկ հոգնեցրեց ճակատամարտը, գուցե և ատամների կորուստը։
— Պատճառը բնավ այդ չէ,— պատասխանեց դոն Կիխոտը,— այլ ամենից շուտ այն, որ իմաստունը, որին վիճակված է գրելու իմ սխրագործությունների պատմությունը, երևի հարմար է դատել, որ ես ինձ համար որևէ մականուն ընտրեմ, ինչպես անցած ժամանակների բոլոր ասպետները։ Մեկը կոչվելիս է եղել Բոցավառ Թրի Ասպետ, մյուսը՝ Միապոզ, սա՝ Կույսերի Ասպետ, նա՝ Փյունիկի կամ Արծվի ասպետ, կամ թե չէ Մահվան Ասպետ, և այդ անուններով նրանք հայտնի դարձան երկրագնդի վրա։ Այ, ես կարծում եմ, որ այդ իմաստունն է ներշնչել քեզ ինձ Վշտակերպ Ասպետ կոչելու։ Այսուհետև ես ընդունում եմ այդ անունը, որպեսզի ընդմիշտ մնա, առաջին իսկ հնարավորության դեպքում կհրամայեմ, որ վահանիս վրա մի վշտալից դեմք նկարեն։
— Կարիք չկա դրա վրա ժամանակ և փող ծախսելու,— ասաց Սանչոն։— Բավական է, որ դուք բաց անեք ձեր երեսը և ցույց տաք բոլոր ցանկացողներին, և ամեն մեկը, առանց վահանի վրա որևէ նկար տեսնելու, իսկույն ձեզ Վշտակերպ Ասպետ կկոչի, կարող եք վստահ լինել։ Հավատացնում եմ ձեզ, պարոն, առակն անխոտելի է, քաղցն ու ջարդված ատամները այնպես են պճնել ձեր դեմքը, որ կրկնում եմ, դուք կարող եք միանգամայն յոլա գնալ առանց վշտատեսիլ նկարի։
Երկու բլուր անցնելուց հետո նրանք շուտով հասան մի ընդարձակ հովիտ։ Սանչոն ցած բերեց իր էշի բեռը, ապա, մեկնվելով կանաչ խոտի վրա, ասպետն ու զինակիրը, ի հաստատումն կանոնի, թե լավագույն խոհարարը քաղցն է, իսկույն նախաճաշեցին, ճաշեցին և ընթրեցին, լցնելով իրենց ստամոքսը բազմաթիվ սառը խորտիկներով, որ պարոն տերտերները (հազվադեպ իրենց անձը մոռացող) տանում էին իրենց հետ՝ ջորու վրա դրած։
Սակայն այստեղ մի նոր ցավ դուրս եկավ, վատթարագույնը Սանչոյի աչքում, այսինքն՝ նրանք ոչ միայն գինի, այլ անգամ ջուր չունեին, որ կոկորդները թրջեին։ Այստեղ ծարավից պապակվող Սանչոն նկատելով, որ դաշտը ծածկված է կանալ, թարմ խոտով, դոն Կիխոտին դիմեց, իսկ թե ինչ ասաց, մենք կիմանանք հետևյալ գլխից։