Այս էջը հաստատված է

են իմ արիությունը, և սիրտս պատրաստ է դուրս թռչելու կրծքիցս, այնքան ծարավի եմ նետվելու այս արկածի մեջ, որքան էլ նա դժվարին ներկայանա։ Ուստի, ամրացրու Ռոսինանտի փորկապը, ինքդ այստեղ մնա և սպասիր ինձ երեք օր, ոչ ավել, և եթե այդ ժամկետում ես չվերադառնամ, կարող ես ետ գնալ գյուղ, իսկ այնտեղից գնա Տոբոսո և հայտնիր իմ աննման տիրուհի Դուլսինեային, թե նրա գերի ասպետը կործանվեց, կամենալով կատարել մի սխրագործություն, որ իրեն արժանի դարձներ նրա ծառան կոչվելու։

Լսելով տիրոջ խոսքերը, Սանչոն այնպես զգացվեց, որ լացը եկավ։

— Չեմ հասկանում, պարոն, ի՜նչ խելք է այս սարսափելի արկածի մեջն ընկնելը։ Հիմա գիշեր է, այստեղ մեզ ոչ ոք չի տեսնում, և մենք շատ լավ կարող ենք մի կողմ ծռվել և խուսափել վտանգից, փույթ չէ, թե երեք օր էլ խմելու բան չունենանք։ Եվ քանի որ ոչ ոք այդ չի տեսնում, ոչ ոք մեզ վախկոտ չի համարի։ Ես թողել եմ իմ ծննդավայրը, կնոջս ու երեխաներիս, որպեսզի ծառայեմ ձերդ ողորմածությանը, հուսալով, որ այդ գործում ես չեմ վնասվի, այլ կշահեմ։ Բայց ինչպես ասվում է՝ ագահությունը պատռում է պարկը։ Որովհետև այն իսկ պահին, երբ ես առանձնապես մեծ հույս ունեի ստանալու այն անիծյալ, չարաբաստիկ կղզին, որ ձերդ ողորմածությունը քանիցս խոստացել էր ինձ, դրա փոխարեն դուք ուզում եք ինձ լքել մարդկային բնակավայրից այսքան հեռու մի տեղում։

— Թող իմ մասին ոչ հիմա, ոչ էլ ապագայում, ոչ ոք չասի, թե մեկնումեկի արցունքն ու աղերսանքը ինձ ետ պահեց իմ ասպետական պարտքը կատարելուց։ Քեզնից միայն պահանջվում է, որ դու Ռոսինանտի փորկապը քաշես և ինձ այստեղ սպասես։ Իսկ ես շուտով կվերադառնամ, կենդանի թե մեռած։

Տեսնելով, որ տիրոջ վճիռն անդրդվելի է և որ իր բոլոր արցունքները, խորհուրդներն ու աղերսանքը անզոր են, Սանչոն որոշեց խորամանկություն բանեցնել և աշխատել նրան մի կերպ ետ գցել մինչև առավոտ։

Ուստի Ռոսինանտի փորկապները պնդացնելիս, նա ճարպիկ ու աննկատ կերպով էշի նոխտայով կապեց ձիու ետի ոտքերը, այնպես որ, երբ դոն Կիխոտը հեծավ, չկարողացավ տեղից շարժվել, որովհետև Ռոսինանտը կարող էր միայն ցատկոտելով առաջ շարժվել։

Համոզվելով, որ իր հնարագիտությունը գլուխ եկավ, Սանչո Պանսան ասաց.

— Ռոսինանտը չի կարողանում տեղից շարժվել, տեսա՞ք։ Եթե դուք համառեք, խթանեք ու խփեք նրան, դրանով բախտին կռվի կոչ արած կլինեք և, ինչպես ասում են, սմբակով քացի կտաք մեխին։

Դոն Կիխոտը հուսակտուր էր լինում։ Ինչքան շատ էր խթանում ձիուն, այնքան քիչ էր հաջողվում նրան տեղից շարժվել։

Գլխի չընկնելով, որ Ռոսինանտի ոտքերը կարող են կապած լինել, նա որոշեց հաշտվել և սպասել կամ լուսաբացին, կամ այն վայրկյանին, երբ ձին ցանկանա ճամփա գնալ։ Հաստատ համոզված լինելով, որ այս անհաջողությունն առաջ է եկել ուրիշ պատճառից և ոչ երբեք Սանչոյի գործադրած խորամանկությունից, նա ասաց.