— Է՜հ, ինչ արած, Սանչո։ Քանի որ Ռոսինանտը չի կարող շարժվել, ես հարկադրված եմ սպասելու, մինչև որ երկնքում խնդա արշալույսը, թեև ողբում եմ նրա գալստյան դանդաղկոտությունը։
Դոն Կիխոտն ու Սանչո Պանսան երկար խոսակցություն ունեցան, մինչև որ Սանչոն տեսավ, թե ուր որ է օրը կծագի։ Նա թաքուն արձակեց Ռոսինանտի ոտքերը։ Թեև Ռոսինանտը բնականից երբեք տաքարյուն ձի չի եղել, բայց հիմա, իրեն ազատ զգալով, ասես թե ուրախացավ և գլուխը թափ տվեց։ Ցատկելը՝ չէր ցատկում, որովհետև, թող վիրավորական չլինի նրա համար ասել, չէր կարող։
Դոն Կիխոտը տեսնելով, որ ձին շարժվեց, բարի նշան համարեց այդ և վճռեց, որ այդ նշանը կոչում է նրան ահավոր սխրագործություն կատարելու։ Մինչ այս, մինչ այն, լույսը բացվեց և երբ որ շուրջը ամեն ինչ պարզ տեսանելի դարձավ, դոն Կիխոտը համոզվեց, որ գտնվում է շագանակի բարձր ծառերի տակ, որոնք թանձր ստվեր են գցում։ Նա լսում էր, որ հարվածները տակավին չեն դադարել, բայց թե որտեղի՞ց են գալիս՝ չէր երևում։ Ուստի, առանց հապաղելու, խթանեց Ռոսինանտի կողերը և, երկրորդ անգամ հրաժեշտ տալով Սանչոյին, հրամայեց, առաջին անգամվա պես, որ նա սպասի ամենաշատը երեք օր։ Ապա կրկնեց Սանչոյին, որ նա պետք է իր անունից զեկուցի և տեղեկացնի Դուլսինեային և խնդրեց, որ անհանգիստ չլինի իր աշխատանքի վարձի համար, որովհետև տնից դուրս գալուց առաջ ինքը կազմել է իր կտակը, համաձայն որի Սանչոյի ռոճիկը կվճարվի նրա ծառայության ամբողջ ժամանակի համար։ Իսկ եթե նրա տերը այս վտանգներից ողջ ու առողջ դուրս գալու լինի՝ Սանչոն կարող է իրեն խոստացված կղզու ստացումը միանգամայն ապահով համարել։
Սանչոն ոտքով հետևեց տիրոջը, ըստ սովորականի, հետևից քաշելով էշին՝ իր հավերժական ուղեկցին բախտի թե դժբախտության պահին։ Բավական տարածություն անցնելուց հետո շագանակի և այլ սաղարթախիտ ծառերի ստվերի միջով, նրանք դուրս եկան մի փոքրիկ հովիտ, որ փռվել էր բարձր ժայռերի տակ, որոնց գագաթից գահավիժում էր մի ահագին ջրվեժ։ Լեռան ստորոտին կքել էին խղճուկ հյուղեր, որ ավելի ավերակների էին նմանում, քան բնակարանների։ Նրանք հարյուր քայլի չափ էլ անցան, թեքվեցին ժայռի դուրս ցցած կողքով և այստեղ բացվեց ահավոր ու սարսափելի աղմուկի պատճառը, որ ողջ գիշեր նրանց ահ ու տագնապի մեջ էր պահել։ Դա ոչ այլ ինչ էր (մի՛ բարկանար և նեղանար, ընթերցող), բայց եթե մահուդ գործող մուրճեր, որ իրենց փոխեփոխ հարվածներով այդպիսի դղրդոց էին հանում։
Տեսնելով այդ բանը, դոն Կիխոտը քարացավ տեղում։
Սանչոն աչքը գցեց նրա վրա և տեսավ, որ իր տերը գլուխը կախ է արել և ծայրաստիճան շփոթված տեսք ունի։ Իսկ դոն Կիխոտը, իր հերթին, նայեց Սանչոյին և տեսավ, որ նա ուռցրել է թշերը, որ նա խեղդվում է ծիծաղից և որ, ըստ երևույթին, քիչ է մնում ծիծաղից տրաքի։ Ինչքան էլ ուժգին էր իր տրտմությունը, բայց տեսնելով Սանչոյին, նա ծիծաղեց։ Իսկ Սանչոն հենց նկատեց, որ տերը ծիծաղում է, այնպես փռթկաց, որ ստիպված էր կողերը բռունցքներով հուպ տալ, որ ծիծաղից փորը չպայթի։