Այսպես, բերնե-բերան, կտարածվի նրա փառավոր գործերի համբավը։
— Շիտակ, հենց այդ էլ պետք է ինձ,— ասաց Սանչոն։— Ես հավատացած եմ, որ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի բառ առ բառ, քանի որ ձերդ ողորմածությունը կոչվում է Վշտակերպ Ասպետ։
ԲԱԶՄԱԹԻՎ ԹՇՎԱՌՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԱՆՈՒՄ ԷԻՆ
ՀԱԿԱՌԱԿ ԻՐԵՆՑ ԿԱՄՔԻ ԱՅՆՏԵՂ,
ՈՒՐ ՆՐԱՆՔ ՉԷԻՆ ՈՒԶՈՒՄ ԳՆԱԼ
Դոն Կիխոտը տեսավ, որ իր դիմաց, նույն ճամփով, որով ինքն էր գնում, մոտ քսան մարդ էր շարժվում ոտքով։ Նրանք շարված էին մի մեծ, երկաթե շղթայի վրա, ինչպես թազբեհի հատիկներ։ Նրանց պարանոցը շղթայված էր և բոլորն էլ ձեռքերին կապանք էին կրում։ Նրանց ուղեկցում էին երկու ձիավոր և երկու հետիոտն։ Ձիավորները զինված էին պատրույգավոր հրացաններով, իսկ հետիոտները՝ թուր ու նիզակով։
Սանչոն, նրանց տեսնելուն պես, ասաց.
— Ահա տաժանակիր աշխատանքի դատապարտվածների մի խումբ, որոնց տանում են նավերի վրա աշխատեցնելու։
— Մի խոսքով,— նկատեց դոն Կիխոտը,— այս մարդկանց քարշ են տալիս, և նրանք գնում են, ենթարկվելով բռնության և ոչ թե իրենց բարի կամքով։
— Հենց այդպես է, որ կա,— պատասխանեց Սանչոն։
— Որ այդպես է,— շարունակեց դոն Կիխոտը,— հենց այստեղ է, որ ես պետք է կատարեմ իմ պարտականությունը՝ ոչնչացնեմ բռնությունը և օգնեմ թշվառներին։
— Նկատի առեք սակայն,— առարկեց Սանչոն,— որ արդարադատությունը ոչ թե բռնանում ու հալածում է այս մարդկանց, այլ միայն պատժում է նրանց ոճրագործությունների համար։
Այդ միջոցին թիապարտների շարանը մոտեցավ, և դոն Կիխոտը ամենասիրալիր արտահայտություններով խնդրեց պահակախմբից, որ բարի լինեն հայտնել և բացատրել իրեն պատճառը կամ պատճառները, թե ինչո՞ւ են այդ մարդկանց նման եղանակով տանում։
Հեծյալ պահակներից մեկը պատասխանեց, թե դրանք տաժանակիր աշխատանքի դատապարտվածներ են, թագավորի թիապարտները և որ նրանց տանում են նավերի վրա աշխատեցնելու։
— Այնուհանդերձ,— պատասխանեց դոն Կիխոտը,— ես կկամենայի նրանցից ամեն մեկին հարցուփորձ անել, թե ի՞նչն է նրանց դժբախտության պատճառը։