Դոն Կիխոտի բախտը բերեց՝ այդ պահակը միակն էր զինված պատրույգավոր հրացանով։ Մնացածները շփոթվեցին և գլուխները կորցրին այդպիսի անսպասելի հարձակումից։ Բայց, ուշքի գալով, ձիավորները քաշեցին թրերը, իսկ հետիոտները՝ նիզակները, և միասին հարձակվեցին դոն Կիխոտի վրա, որ սպասում էր նրանց մեծ պաղարյունությամբ։
Անշուշտ, նրա բանը բուրդ կլիներ, եթե դատապարտվածները, տեսնելով, որ ազատվելու առիթ է ներկայացել, չլարեին բոլոր ուժերը և չխորտակեին իրենց կաշկանդող շղթաները։ Իրարանցում առաջ եկավ։ Պահակները չգիտեին, թե ինչ անեն՝ դատապարտվածների՞ վրա հարձակվեն, թե պաշտպանվեն դոն Կիխոտից։
Սանչոն այդ պահին օգնեց Խինես դե Պասամոնտեին, որ կապանքներն արձակի, և սա, շղթայազերծ եղավ թե չէ, մոտ վազեց գետնին ընկած կոմիսարին, խլեց նրա ձեռքից հրացանն ու թուրը և սկսեց հերթով դեմ անել պահակներին մեկ թրի, մեկ՝ հրացանի բերանը։ Սակայն հրացան արձակելու կարիք չեղավ, որովհետև շուտով ռազմի դաշտում ոչ մի թշնամի չմնաց՝ նրանք բոլորն էլ ծլկել էին Պասամոնտեի հրացանից ու դատապարտվածների քարկոծությունից։
Այդ հանգամանքը սաստիկ վշտացրեց Սանչոյին, որովհետև նա վճռեց, որ փախստականները ամեն ինչ կհասցնեն Սանտա Հերմանդադի ականջին, իսկ վերջինս ահազանգ կտա և կաշխատի գտնել հանցագործներին։ Նա այդ մասին հաղորդեց իր տիրոջը և սկսեց համոզել նրան որքան կարելի է շուտ հեռանալ և թաքնվել մոտակա լեռների կիրճերում։
— Լավ,— պատասխանեց դոն Կիխոտը,— ես գիտեմ, թե հիմա մենք ինչ պիտի անենք։
Ապա նա հավաքեց դատապարտվածներին, որոնք անկարգ այս ու այն կողմ էին ցրվել, նախապես կողոպտելով կոմիսարին և թողնելով նրան մորեմերկ։ Բոլորը եկան և շրջան կազմեցին, սպասելով նրա հրամանին, և դոն Կիխոտը սկսեց այսպես.
— Երախտապարտ մարդիկ միշտ շնորհակալ են լինում իրենց բարերարներից, և չկա ավելի զայրացուցիչ մեղք, քան ապերախտությունը։ Ասելս այն է, պարոններ, որ դուք հենց նոր սեփական փորձով համոզվեցիք, որ ես ձեր բարերարն եմ։ Փոխարենը կամենում եմ, որ դուք կրկին կաշկանդվեք շղթաներով, որոնցից ես ձեզ ազատեցի և անհապաղ ճամփա ընկնեք, գնաք Տոբոսո քաղաքը։ Այնտեղ դուք կներկայանաք տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն, և կասեք, թե Վշտակերպ Ասպետը ողջույն է ուղարկում նրան, ապա թե բոլորը մանրամասնություններով կպատմեք այն փառավոր արկածի մասին, որին դուք պարտավոր եք ձեր բաղձալի ազատագրությամբ։ Դրանից հետո կարող եք գնալ, ուր որ կամենաք։
Բոլոր դատապարտվածների փոխարեն պատասխանեց Խինես Պասամոնտեն, խոսելով այսպես.
— Պարոն փրկիչ, ոչ մի կերպ հնարավոր չէ կատարել այն, ինչ որ ձերդ ողորմածությունը մեզ հրամայում է, որովհետև հնարավոր չէ, որ մենք բոլորս