բամբակի, իսկ մնացածը թողներ ինձ։ Ես էլ տիրուհի Դուլսինեային կասեմ, ձերդ ողորմածությունը գլուխը սրածայր ժայռին է տալիս, որ ալմաստի պես ամուր է։
— Շնորհակալ եմ քո բարի ցանկության համար, Սանչո բարեկամ,— պատասխանեց դոն Կիխոտը,— բայց պետք է քեզ ասեմ, որ այդ ամենը կատակի համար չեմ անում, այլ լուրջ, որովհետև այլապես խախտած կլինեի ասպետականության օրենքը, որ արգելում է սուտը։ Մի՞թե խաբեբայություն չէ մեկ բան անելը և մյուս բան ասելը։ Իմ գլուխը քարով տալը պետք է իսկական լինի, ուժգին, կատարյալ, առանց կեղծիքի և ձևացնելու որևէ խառնուրդի։ Անհրաժեշտ է, որ ինձ համար թողնես մի քիչ սպեղանի բուժվելու համար, քանի որ դժբախտաբար մենք կորցրել ենք բալասանը։
— Ավելի վատն այն է, որ մենք կորցրինք էշին,— պատասխանեց Սանչոն։— Չէ՞ որ նրա վրա էր սպեղանին էլ, մնացած բաներն էլ, իսկ այն անիծված խմիչքի անունը, աղաչում եմ, ձերդ ողորմածություն, էլ չտաք, թե չէ ոչ միայն հոգիս, այլևս ստամոքսս է շուռ գալիս նրա անունը լսելիս։ Մի բան էլ խնդրեմ՝ երևակայեցեք, որ ձեր նշանակած երեք օր ժամանակը լրացել է և ձեր բոլոր գժությունները ես տեսել եմ, իսկ ես ձեր տիրուհուն հրաշք բաներ կփչեմ։ Դե նամակը գրեցեք և ինձ շուտով ճամփու դրեք, որովհետև ես շատ եմ ուզում շուտ վերադառնալ, որպեսզի փրկեմ ձերդ ողորմածությանը այս քավարանից։
— Բայց ինչպե՞ս նամակ գրեմ,— հարցրեց Վշտակերպ Ասպետը։
— Եվ գրություն՝ էշի քուռակներն ստանալու համար,— ավելացրեց Սանչոն։
— Ամեն ինչ կլինի, ամե՜ն ինչ,— պատասխանեց դոն Կիխոտը,— միայն մենք թուղթ չունենք և պետք է հին մարդկանց օրինակով ծառերի տերևների և մոմած տախտակների վրա գրենք, թեև այստեղ մոմած տախտակ գտնելը նույնքան դժվար կլինի, որքան թուղթը։ Ինչքան հիշում եմ, Դուլսինեան ոչ գրել գիտե, ոչ կարդալ և իր օրում նամակի երես չի տեսել։ Մեր փոխադարձ սերը միշտ պղատոնական է եղել և պարկեշտ հայացքներից դենը չի անցել։ Նայելն էլ է շատ հազվադեպ եղել, և ես խղճի մտոք կարող եմ ասել, թե տասներկու տարվա ընթացքում, որ ես նրան իմ աչքի լույսից ավելի եմ սիրում, ես նրան չորս անգամ էլ տեսած չեմ լինի և շատ հնարավոր է, որ նա ինքն էլ նկատած չլինի, որ ես նայել եմ նրան՝ ահա թե ինչքան խիստ ու փակ են կրթել Դուլսինեային նրա հայրն ու մայրը՝ Լորենցո Կորչուելոն և Ալդոնսա Նոգալեսը։
— Պա՛-պա՛-պա՛-պա՛,— բացականչեց Սանչոն։— Կնշանակի՝ տիրուհի Դուլսինեա Տոբոսցին ոչ այլ ոք է, քան եթե Լորենցո Կորչուելոյի և Ալդոնսա Լորենցոյի աղջի՞կը։
— Այո,— պատասխանեց դոն Կիխոտը,— և նա արժանի է ողջ աշխարհի թագուհին լինելու։
— Ես նրան շատ լավ եմ ճանաչում,— պատասխանեց Սանչոն։— Նա լավն է ու լիքը՝ տռո՜ւզ աղջիկ։ Ինչ ասպետի ասես մորուքից կբռնի, ցեխից կհանի։ Գետինը մտնեմ՝ ի՜նչ ուժ ունի, ի՜նչ ձայն։ Մի օր բարձրացել է զանգակատունը և կանչել հոր բատրակներին, որ աշխատելիս են եղել դաշտում,