չէր էլ գտնի, եթե մինչև օրս էլ որոնելու լիներ, որովհետև հուշատետրը մնացել էր դոն Կիխոտի մոտ։ Դոն Կիխոտը մոռացել էր տալ նրան, իսկ Սանչոյի մտքովն էլ չէր անցել խնդրել նրանից։
Հուշատետրը չգտնելով, Սանչոն մեռելի պես գունաթափվեց և սկսեց արագ-արագ փնտրել բոլոր գրպաններում։ Համոզվելով, որ նամակը չկա, նա, առանց երկար մտածելու, երկու ձեռքով բռնեց իր մորուքը, մազերի կեսը պոկեց, սկսեց իր քիթ ու մռթին արագ-արագ բռունցքով հարվածել, մինչև որ վերջապես քթիցն արյուն եկավ։
Տեսնելով այդ ամենը, քահանան ու սափրիչը հարցրին, թե ի՞նչ է պատահել և ինչո՞ւ է այդպես ինքն իրեն խոշտանգում։
— Ի՜նչ է պատահել,— պատասխանեց Սանչոն,— այն, որ ես մեկ վայրկյանում ձեռքիցս երեք ավանակ բաց թողի, որոնցից յուրաքանչյուրը մի դղյակ արժե։
— Դա ի՞նչ կնշանակի։
— Ես կորցրել եմ հուշատետրը,— ասաց Սանչոն,— որտեղ գրած էր նամակ Դուլսինեային և գրություն իմ տիրոջ ստորագրությամբ, որով նա հրամայում է իր քրոջ աղջկան չորս թե հինգ ավանակներից, որ պատկանում են իրեն, երեքը տալ ինձ։
Այստեղ նա պատմեց իր էշի կորուստի մասին։ Քահանան նրան մխիթարեց, ասելով, որ երբ գտնվի նրա տերը, ինքը կհամոզի նրան հաստատել իր խոստումը և վերստին գրել, միայն թե առանձին թղթի վրա, ինչպես որ հարկն է, քանի որ հուշատետրի մեջ եղած վկայաթղթերը երբեք չեն ընդունվում և չեն վճարվում։
Դրանից հետո՝ Սանչոն հանգստացավ և հայտարարեց, որ եթե գործը այդպես է, Դուլսինեայի նամակի կորուստը նրան շատ էլ չի վշտացնում, քանի որ գրեթե անգիր գիտե և կարող է թելադրել որտեղ և երբ հարկավոր լինի։
— Դե ասա մեզ, Սանչո,— խնդրեց սափրիչը,— իսկ մենք գրի կառնենք։
Սանչոն սկսեց քորել ծոծրակը, որպեսզի իր հիշողությունից դուրս բերի նամակի բովանդակությունը և երկար ժամանակ մեկ մի ոտքի վրա էր հենվում, մեկ՝ մյուս։ Նա մեկ գետնին էր մտիկ տալիս, մեկ երկնքին։
Նա մի մատի եղունգի կեսը կրծեց և, վերջապես, իր ունկնդիրներին, որ սպասում էին, թե ինչ պիտի ասի, բավական չարչարելուց հետո ընդհատեց երկարատև լռությունը.
— Գրողը տանի ինձ, պարոն լիցենցիատ, ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել այդ սատանի նամակը։ Գիտեմ միայն, որ այդպես էր սկսում՝ «բարձր ու տարող տիրուհի»։
— Անկարելի է, որ «տարող» լինի,— առարկեց սափրիչը,— երևի նա «տիրող» է գրել։
— Ճիշտ որ,— համաձայնեց Սանչոն։— Իսկ հետո, միտքս է գալիս, ասված էր՝ «ծեծվածն ու անքունը, խոցոտվածը համբուրում է ձերդ ողորմածության ձեռները, խստասիրտ և անհայտ գեղեցկուհի» և էլի ինչ-որ առողջության և հիվանդության մասին, որ տերս ցանկանում է նրան․ շատ լավ էր