բոլոր ծառաներին, ծնողներիս վրա թափվում էին նվերներ ու շնորհներ։ Ամեն օր մեր փողոցում տոն ու խնդություն էր, գիշերները սերենադները ոչ ոքի չէին թողնում քնել։ Այդ ամենը ոչ միայն չէր սիրաշահում իմ սիրտը, այլ, ընդհակառակն՝ խստասիրտ էր դարձնում ինձ, ասես թե նա իմ մահացու թշնամին լիներ, և այն ամենը, ինչ որ նա անում էր իմ սիրտը գրավելու համար, հակառակ ներգործություն էր ունենում։ Դոն Ֆերնանդոն իմացավ, որ ծնողներս մտադիր են ինձ մարդու տալ, որպեսզի ինձ ավելի լավ պաշտպանած ու պահպանած լինեն։ Այդ լուրը կամ կռահումը նրան մղեց անելու այն, ինչի մասին դուք հիմա կլսեք։ Մի օր, աշնանը, երբ ես մենակ նստած էի իմ սենյակում,— չեմ կարող ըմբռնել, ոչ էլ երևակայել, թե ինչպես պատահեց,— հանկարծ տեսա նրան իմ առջև։ Նրա հայտնվելը ինձ այնպես շշմեցրեց, որ աչքերս մթնեցին, լեզուս պապանձվեց, և ես չկարողացա անգամ ճչալ։ Ուշքի գալով առաջին երկյուղից, սիրտ արի և կտրուկ,— չէի էլ կարծում, որ ընդունակ կլինեմ,— ասացի՝ «Եթե ես քո գրկում չլինեի, այլ ամեհի առյուծի ճիրաններում և եթե իմ փրկության համար ինձ առաջարկեին ասել կամ անել իմ պարտականության հակառակ որևէ բան, ես կպատասխանեի, որ դա նույնքան անհնար է, որքան եղածը՝ չեղած դարձնելը։ Ես քո հպատակն եմ, բայց ոչ ստրկուհին։ Քո արյան ազնվությունը չունի և չի կարող ունենալ իշխանություն իմ ոչ ազնվական արյունը խայտառակելու։ Ես, հասարակ լինելով, հարգում եմ ինձ ոչ պակաս, քան դու, պարոն կաբալյերո։ Քո ուժը քեզ չի օգնի, քո հարստությունը չի ազդի։ Քո խոսքերը ինձ չեն խաբի, իսկ քո ախ ու վախն ու արցունքը չեն շարժի իմ սիրտը»։
Դոն Ֆերնանդոն, հանդիսավոր հավաստիացումներով և արտասովոր երդումներով խոսք տվեց ինձ, որ կդառնա իմ ամուսինը։
Հետևյալ գիշերն էլ նա եկավ, բայց դրանից հետո այլևս չերևաց։ Անցավ մի ամբողջ ամիս, իսկ ես զուր էի փորձում տեսակցել նրա հետ։ Մինչդեռ ես գիտեի, որ նա ապրում է միևնույն քաղաքում և օրերով որս է անում. դա նրա սիրած զբաղմունքն է։
Շուտով մեր կողմերում լուր տարածվեց, թե դոն Ֆերնանդոն հարևան քաղաքում ամուսնացել է արտասովոր գեղեցկության տեր և շատ ազնիվ տոհմից սերած մի աղջկա հետ, թեև, ճիշտ է, ոչ այնքան էլ հարուստ, որ իր օժիտի համեմատ աղջիկը կարող լիներ այդքան բարձր միություն ակնկալել։
Այդ տխուր լուրը հասավ իմ ականջին, և իմ սիրտը սառույց չկտրեց, ընդհակառակն՝ այնպիսի կատաղությամբ ու ցասումով բորբոքվեց, որ քիչ էր մնացել ես դուրս վազեմ փողոց, գոռամ-գոչեմ դավադրության ու դավաճանության մասին, որոնց զոհ էի դառել ես։ Սակայն առժամանակ զսպեցի վրդովմունքս և վճռեցի նույն գիշերն անել այն, ինչ որ արեցի էլ։
Երկուս ու կես օրից, շորերս փոխած, ես հասա քաղաք։ Առաջին իսկ մարդը, որին պատահեցի, հաղորդեց ինձ ավելին, քան թե ես կկամենայի լսել։ Ճիշտ է, ես դոն Ֆերնանդոյին չգտա, սակայն այսպես ավելի լավ էր, քան եթե նրան ամուսնացած գտնեի։ Քանի որ նա ամուսնացած չէ, խորհում էի ես, իմ փրկության դուռը դեռ փակ չէ։ Ես ասում էի ինքս ինձ՝ ինքը երկինքը խանգարել է երկրորդ ամուսնությունը նրա համար, որ նա զգա իր պարտականությունները առաջինի նկատմամբ։ Միտք էի անում, միտք, և