Տինակրիո Իմաստուն էր, որովհետև շատ հմուտ էր կախարդանք կոչված գիտության մեջ։ Այդ գիտության միջոցով նրան հայտնվեց, որ մայրս, թագուհի Խարամիլյան, իրենից շուտ պիտի մեռնի և որ դրանից հետո շուտով իրեն էլ է վիճակված լքելու այս աշխարհը, իսկ իմ ճակատագիրն է՝ մնալու որբ, անհայր և անմայր։ Թեև նա դրանից վշտացած էր, բայց նրան ավելի մեծ վիշտ էր պատճառում, իր ասելով, մի ուրիշ բան։ Նա ստույգ գիտեր, որ մեր պետության գրեթե կողքին մեծ կղզու վրա, հրեշավոր մի հսկա է իշխում Պանդաֆիլանդո Դժշնաչք անունով (բոլորին հայտնի է, որ թեև նրա աչքերը կանոնավոր են և իրենց տեղը, բայց նա մի քիչ շեղ է նայում, ասես թե շլդիկ լինի, այն էլ նենգությունից, որպեսզի վախեցնի և ահաբեկի նրանց, որոնց վրա նայում է)։ Հայրս իմացավ, որ երբ իմ որբության լուրը հասնի հսկային, նա մեծ զորքով կհարձակվի մեր թագավորության վրա և ինձանից ամեն ինչ կխլի, առանց գեթ մի փոքրիկ գյուղ թողնելու, որտեղ ես կարողանայի ապաստան գտնել։ Սակայն ես կարող կլինեի խուսափել այդ աղետից ու կործանումից, եթե կամենայի նրա կինը դառնալ։ Հայրս ինձ ասաց, որ երբ ինքը մեռնի, և Պանդաֆիլանդոն արշավի իմ թագավորության վրա, ես դիմադրության մասին անգամ չմտածեմ, որովհետև դա հավասարազոր կլինի կործանման։ Որ եթե ես կամենում եմ իմ բարի և հավատարիմ հպատակներին փրկել մահից և կատարյալ բնաջնջումից, ապա պետք է իմ բարի կամքով լքեմ թագավորությունս։ Նա ինձ կտակեց, որ անմիջապես, մի քանի հավատարիմ մարդկանց հետ ճամփա ընկնեմ Իսպանիա, որտեղ կգտնեմ ինձ բոլոր աղետներից փրկող թափառական ասպետին, որի փառքը այդ միջոցին տարածված կլինի բովանդակ պետության մեջ և որի անունը կլինի, եթե ես լավ եմ հիշում, դոն Ասոտե[1] կամ դոն Խիգոտե[2]։
— Նա դոն Կիխոտ ասած կլինի,— ընդհատեց Սանչո Պանսան,— այլապես՝ Վշտակերպ Ասպետ։
— Հենց այդպես,— հաստատեց Դորոթեան։— Համ էլ նա ավելացրեց, որ այդ ասպետը բարձրահասակ կլինի, նիհար դեմքով և որ նրա աջ կողի վրա, ձախ ուսից քիչ ցած կամ դրա մոտ մի տեղ թուխ խալ պիտի լինի խոզի մազի պես կոշտ մազով ծածկված։
Լսելով այդ, դոն Կիխոտը ասաց իր զինակրին.
— Ապա այստեղ եկ, եղբայր Սանչո, օգնիր շորերս հանեմ։ Ես կամենում եմ համոզվել՝ իրո՞ք ես այն ասպետն եմ, որի մասին գուշակել է իմաստուն թագավորը։
— Ի՞նչ կարիք կա, որ ձերդ ողորմածությունը շորերը հանի,— հարցրեց Դորոթեան։
— Որ տեսնեմ, կա՞ արդյոք ինձ վրա այն խալը, որի մասին ասել է ձեր հայրը։
— Դրա համար շոր հանելու կարիք չկա,— ասաց Սանչոն,— ես առանց դրան էլ գիտեմ, որ ձերդ ողորմածության մեջքի մեջտեղում հենց այդ տեսակ մի խալ կա, որը նշան է առնականության։