Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/101

Այս էջը սրբագրված է

առողջությանս հառաջադիմությանը վրա, թեև մահվան գույներն դեմքես բոլորովին անհայտ չէին եղած։ Փափաքեցաք ո՛վ ըլլալս գիտնալու, ըսավ Կոմսը․ քաջությունն ունի՞ք կենացս պատմությունը լսելու։ Կը տարակուսի՞ք, Կո՛մս, պատասխանեցի, երբ այնքան ուրախությամբ ականջ կը դնեմ ձեր որևէ պատմությանը։ Սաստիկ կը բաղձայի ձեր կենաց ընտելանալ, բայց չէի համարձակեր վերստին փափաքս հայտնել, հարեցի։ Երբ գիտնաք ո՜վ ըլլալս, դուք ալ գուցե կը պատմեք ձեր կենաց վեպն եթե վստահության արժանի դատեք զիս, թեև ապահով եմ որ հրեշտակ մ'եք դուք, ըսավ։ Ամենայն իրավամբ վստահությանս արժանի եք, պատասխանեցի, և ուզեցի առաջինն ըլլալ տխուր դեպքերս պատմելու։ Արգիլեց զիս գեղեցիկ քաղաքավարաթյամբ, և այսպես խոսեցավ։

«Մեծ հայրս՝ Կոմս տը Բ․․․ ն Էր, պատվավոր բայց համեստ ծնողաց որդի։ Մեծն Նապոլեոն ազնվականության և կոմսի տիտղոսը շնորհեց իրեն։ Իբրև պարզ զինվոր սկսած էր ծառայել Նապոլեոնի բանակաց մեջ, և քաջաբար պատերազմած մինչև Օսթերլիցի և Իենայի նշանավոր ճակատամարտք տեղի կունենային։ Հանդիսական եղած էր այն օրերուն երբ թագավորներն կը փախչեին Նապոլեոնի առջևեն իրենց գահերն անպաշտպան թողլով, և սարսափահար ժողովուրդք կը դողային աշխարհակալի մ'աոջև որ հաղթության թևերուն վրա նստած կարշավեր։ Մեծ հայրս ապշած այդչափ փառքեն իբրև աստվածություն մի կը նկատեր զկայսրը. նույնպես կը նկատեր զինքն և Գաղիան։ Իսկ հաչս օտարականաց աստվածային պատուհաս մ'էր։ Յուր անունը սոսկում կազդեր ամենուրեք․ ձեռքերը գահերուն հետ կը խաղային, թագավորները գահընկեց կըներ, թագեր կուտար․ թագեր կառներ, արյունը իբրև գետ կը հոսեր․ և այդ արյունը կարծես նոր հաղթություններ կը բուսցներ։

Չկա բան որ երկարատև հաջողության չափ մարդը հպարտացնե և արբեցնե. ինքզինքը կը մոռնա, ամեն բան կը ցանկա, ամեն բան հնարավոր կը կարծե, կուզե ամեն տեղ տիրել․ խոչընդոտք ոչինչ կը համարվին, ժողովուրդք ոչինչ, անոնց

79