Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/108

Այս էջը սրբագրված է

Հասավ օրն որ զՔոռին պիտի կորզեր ինձմե վերջնական կերպիվ։ Խենթեցած էի, ուզեցի անձս չարչարանաց մատնել՝ գանձիս հափշտակության ականատես ըլլալ, հարսանյաց հանդեսին ներկա գտնվելով։ Պսակին համար որոշյալ ժամեն քիչ հառաջ եկեղեցին գացի, հարմար տեղ մ'ընտրեցի ուսկից կարենամ զինքը տեսնել և իրմե տեսնվիլ, յուր հոդին տանջել, մահացնել, վայրագ հուսահատությունս աչացն առջև պարզելով։ Արդեն անթիվ լույսեր իրենց շողովն եկեղեցին կը լուսավորեին, հրավիրյալներն հետզհետե կուգային կը տեղավորվեին, հանդիսին սահմանյալ ժամն կանցներ, և հարսն ու փեսան տակավին չէին երևնար։ Ամեն կողմե անհամբերության նշաններ սկսան տեսնվիլ, ամեն մարդ չորս կողմ յուր նայվածքը կը շրջեր։ Տենդը գրաված էր զիս, քրտինքը ճակտես կը հոսեր․ այս հապաղումն ուրախություն կը պատճառեր ինձ, արփի մ'էր որ հոգվույս մռայլը կը լուսավորեր, երբ հանկարծ ահավոր ձայն մի եկեղեցվույն մեջ որոտաց՝ «Հարսը մեռավ»։ Նախ անհնարին կերպով շվարեցա, ոչ հառաջ, ոչ ետք կերթայի, անշարժ կը մնայի․ հետո եկեղեցիեն դուրս նետվեցա, Քոռինի տունը վազեցի։ Հոն կը տիրեր զարմանալի շփոթություն մի․ հարսանյաց ուրախալի պատրաստություններն կը կորսվեին արտասվաց և կոծերու տխուր ձայնակցությանց մեջ։ Իբրև մոլեգին կենդանի վազեցի Քոռինին սենյակը և տեսա զինքն, ո՛հ, հարսանյաց ճերմակ զգեստներով զարդարված, անկողնույն վրա տարածված կը նիրհեր մահվան քունով՝ զոր պատրաստած էր ինքն անձամբ։ Ցուր խաչաձև ձեռաց մեջ բռնած էր այն թառամյալ վարդը՝ զոր տված էի իրեն առաջին տեսությանս միջոցին, և այս մեծ սիրույն մահվան խորհրդանշանն էր։ Նետվեցա պաշտելի մարմնույն վրա՝ իրեն հետ մեռնելու բաղձանքով։ Երբ խելքս գլուխս եկավ՝ անկողինս էի, սենեկիս մեջ բարեկամներ կը հսկեին վրաս։ Մահվան դռներն հասա, բժիշկներն ամեն հույս կտրեցին։ Ո՜հ, ինչո՞ւ անոնց այդ գուշակությունը չիրականացավ, որով ազատ կը մնայի այնչափ տքնություններե և հուսահատություններե, և մինչ հազիվ երեսուն տարեկան էի

86