Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/109

Այս էջը սրբագրված է

իբր ծեր չէի հանդիսանար երիտասարդությանս մեջ՝ անտարբերություն և զզվանք զգալով կենաց համար։

Այն աղետալի օրեն ի վեր ուրիշ մարդ մ'եղա. սիրտս մեռած էր ամեն վայելից համար, և միայն Քոռինիս հիշատակավն կապրեի։ Նվիրեցի կյանքս և հարստությունս մարդկության թշվառներն սփոփելու, և մանավանդ դժբախտ սիրահարաց օգնելու։ Կը սահեին օրերն, և իբրև օտարական կը նայեի կենաց։ Բախտն ուզեց որ քեզ հանդիպիմ երբ դու նվազեցար վաճառատան մեջ. ոչ ոք կը ճանաչեր զքեզ, ես իբրև պաշտպանդ կանգնեցա։ Երբ տժգույն և մահատիպ դեմքդ աչքիս զարկավ, կարծեցի թե Քոռինն էիր, այնչափ անոր զարմանալի կերպիվ կը նմանեիր․ որչափ քեզի նայեի՝ այնչափ կը թվեր ինձ ճանչնալ անոր դեմքին գծերը։ Ի քեզ կը գտնայի Քոռինս, և հուսահատաբար կը ջանայի քեզ վերակենդանություն տալու, զի կը կարծեի թե զքեզ կորսնցնելն կրկին անգամ զինքը կորսնցնել էր։ Վերջապես բախտն ինձ կյանքդ պարգևեց. աչացդ անուշ նայվածքին մեջ, ներդաշնակ ձայնիդ, տխուր ձևիդ, մելամաղձոտ ժպիտիդ մեջ կը գտնամ վերստին գանձը որ կորուսի։

Չեմ հարցներ քեզ, Մայտա՛, ով ըլլալդ, վասն ղի Քոռինին նմանողն անոր պես հրեշտակ մ'է անշուշտ։ Միայն կը հարցնեմ եթե անձդ և սիրտդ ազա՞տ են, և եթե են, անձս և սիրտս կը նվիրեմ ձեզ։

Ավա՜ղ, կո՚մս, պատասխանեցի, անձս ազատ է, բայց սիրտս՝ ոչ։ Կարգը քեզ եկավ արդ ինձ ունկնդիր ըլլալու․ օրինավոր իրավունքդ է որ խոստովանությունս ընեմ քեզ, զի ինձ համար եղբայր մի, հայր մ'եղար դու։ Պատմեցի իրեն բոլոր տխուր արկածներս մի ըստ միոջե և երբ ավարտեցի, անհուն բարկությամբ համակված ոտք ելավ և ըսավ․ «Կուզե՞ս որ քեզ վրեժխնդիր ըլլամ այգ նենգավորը պատժելով»։ Ոչ, ոչ, պատասխանեցի, չեմ ուզեր եղեռնագործ ըլլալ և չարիք տեղացնել այն արարածին վրա զոր երբեմն սիրեցի․ թող ապրի և եթե խիղճ մ'ունի, ինձ հասուցած վիշտերովն պիտի չարչարվի․ իսկ եթե չունի, ինչ՞ հարկ հրեշի մի պիղծ արյամբն ներկել անբիծ ձեռքերդ։

87