Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/12

Այս էջը սրբագրված է

սիրո գեղեցիկ պատրանքները, որից հետո նրան մնում էր միայն իր մենակությունը փարատել մի համեստ աղջկա ընտրությամբ։ Մայտայի համար ծանր էր Տիգրանի անտարբերությունը, նա չէր կարող կռահել հեռավոր վայրերում գտնվող իր սիրեցյալի հետ կատարված դաժան խաղը։ Ազնիվ հոգին չէր հավատում, թե Տիգրանը կարող է երդմնազանց լինել։ Նա մեկնում է Փարիզ՝ հանդիպելու իր սիրեցյալին, սակայն նրա առաջ փակվում են բոլոր դռները և հուսախաբ, վերադառնում է տուն ու, ճակատագրի դաժան հարվածներից ելք չգտնելով, որոշում է հեռանալ կյանքից՝ մեկուսանալ մենաստանում։ Սակայն շուտով բացվում է Հերիգայի խարդավանքը և խաբված Տիգրանի ու Մայտայի համար սկսվում են հոգու ավելի դաժան տվայտանքներ։ Փրկված է նրանց սերը, բայց ավա՛ղ, նրանք չէին կարող միանալ, քանի որ Տիգրանն արդեն ամուսնացել էր։ Բայց կարծես դեպքերի ծուռ ընթացքը պետք Է ուղղվեր բնության դաժան խաղով. մահանում է Տիգրանի կինը և թվում Է, թե հարթվում Է Մայտայի և Տիգրանի երջանիկ միասնության ուղին։ Բայց նախախնամության կամքը, ըստ երևույթին, ավելի զորեղ Է․ զգացմունքների ուժեղ տարընթացություններից հյուծված զգայուն Մայտան հիվանդանում Է հյուծախտով և մահանում՝ խորտակված սիրո վիշտն ու դաժան իրականության դեմ բողոքն իր հոգում։

Այս Է վեպի սյուժեն։

Վեպի գաղափարական իմաստը սյուժետային այս սխեմայով չի սպառվում և Տյուսաբը նպատակ չի ունեցել ներկայացնելու սոսկ դժբախտ սիրո մի սենտիմենտալ պատմություն։ «Մայտան» տենդենցիոզ վեպ Է։ Հեղինակը ձգտել Է պատասխան տալ այն հարցին՝ ինչո՞ւ Է կործանվում Մայտան, ո՞րն Է նրա ողբերգության սոցիալական և հոգեբանական պատճառը։ Վեպի առաջաբանում Տյուսաբը գրում Է․ «․․․անիրավության և նախապաշարմանց թշնամին եմ․ հետևապես սրտմտելով կտեսնեմ այն շղթաները, որով կանացի սեռը կաշկանդված է․ այնպես որ կնոջ ո՛չ խոսքը, ո՛չ գործը և ո՛չ շարժումը բնական Է և ճշմարիտ․ և միթե լուծի ներքև ճշմարտություն կրնա՞ ապրիլ երբեք։ Կնոջ ցավալի վիճակր խորհրդածությանցս առարկա եղած Է միշտ․ զի կինն ընկերության ողորմելի զոհն է»։

Այս գաղափարը վեպում խարսխված Է երկու կանացի կերպարների վրա՝ Մայտան և տիկին Սիրան։ Առաջինը կնոջ իրավազրկության օրինակն Է, իսկ երկրորդը՝ կնոջ իրավունքի գաղափարը հասարակական դատաստանի առջև բարձրացնողը։ Տիկին Սիրան վեպի գաղափարական կերպարն Է, հեղինակի գրույթների արտահայտիչը։ Նախապաշարմունքից, կաշկանդումներից ազատ այդ տիկնոջ համար տարօրինակ և անհասկանալի են թվում Մայտայի հուսահատ հեծեծանքները։ Կարեկցանքի մեղկ խոսքեր չէ նա ուղղում Մայտային՝ իբրև սփոփանքի սպեղանի, այլ նախատինքի դառն խոսք՝ հուսահատության, ոգու անկման և ոչնչության զգացման համար․ «Ազատ կապրեիր համեմատաբար, զի պաշտպան շուք մի կը հովանավորեր քեզ․ իսկ արդ ճնշված ես, ոչ կը խոսիս և ոչ կը գործես համարձակորեն․ գիտե՞ս ինչ է պատճառը։ Վասն զի մինչև այսօր և ոչ մեկ պարագայի մեջ նախաձեռնության ոգին ունեցար, այլ սովորու-

VI