Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/14

Այս էջը սրբագրված է

կութենե հառաջադիմությունն և հառաջադիմութենեն ճշմարիտ լուսավորությունն, որ մշտական և բարոյական ուժերուն ամբողջությունն է»։

Սիրան պահանջում է վերափոխել կնոջ դաստիարակության ամբողջ սիստեմը․ նրա տեսակետով պետք է կնոջ համար ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ նա կարողանա պիտանի լինել հասարակությանը, ունենա գործունեության ասպարեզ և կարողություններ, որպեսզի ապահովվի նրա անհատական և ինքնուրույն գոյությունը։ Կնոջ իրավազրկության դեմ բողոքելով, քննադատելով հասարակական նախապաշարմունքները, Սիրան միամտաբար ենթադրում է, թե կինը կարող է կենսագործել ազատության իր իրավունքը եթե անձնապես ունենա կամք՝ դիմագրավելու այդ նախապաշարմունքներին։ Նա կշտամբում է Մայտային, երբ վերջինս, մենակ մնալով, ընկնում Է անելանելի դրության մեջ, չէ՞ որ նա ամուսին չուներ, այսինքն իր կամքը բռնադատող չուներ և կարող էր ազատակամ տնօրինել իր իրավունքը։ «Դու, Մայտա, կը գանգատիս ընկերության անիրավութենեն. բայց ի՞նչ փույթ քեզ երբ սիրտ մ'ունիս սիրելու համար, միտք՝ խորհելու, կամք՝ գործելու․ ազատ ես, գործե, և ով որ ազատ է և կը գործե, կարեկցության տեղի չտար։ Դու տեր ես գործոցդ և բախտիդ. անձնվիրություն մ'ես արդ և ոչ թե շուք, ձայն մ'ես և ոչ արձագանք․ արշալույսն ես որ օրն կ'ավետե․ ոչ, ափսոսալի չես»։

Սիրայի դատողությունների մեջ որոշակիորեն արտահայտվել է հեղինակի հայացքների սահմանափակությունը՝ կնոջ ազատության հարցում։ Տյուսաբը իրավացի և ուժեղ է, երբ քննադատում է կնոջ իրավազրկության օրենքներն ու տիրող բարոյական նորմաները, բայց նա ցուցաբերում է իր սենտիմենտալ բարոյականության անճարակությունը, երբ հարցը հանգեցնում է սեռերի զուտ անհավասար իրավունքի փաստին, կամ ազատության իր պատրանքները տեղադրում է կնոջ անհատական կամքի ոլորտը, որպես թե նա կարող է ազատ լինել, եթե ամուսին՝ իր կամքը բռնադատող չունի։

3

«Մայտան» լուրջ աղմուկ առաջ բերեց գրական հասարակայնության լայն շրջաններում։ Նրա շուրջն ստեղծվեց աշխույժ բանավեճ, նրա արծարծած գաղափարները դարձան կրքոտ քննարկման առարկա։ Պահպանողական տարրերը հարձակվեցին հեղինակի դեմ, դատափետեցին նրան, իբրև թե, անբարոյականության քարոզի և հայ ընտանիքի նահապետական սրբազան օրենքների ոտնահարման հանդգնության համար։ Սակայն այդ գրոհի հանդեպ Տյուսաբը միայնակ չմնաց։ Մ․ Մամուրյանի «Արևելյան մամուլ» առաջադիմական հանդեսն իր պաշտպանության տակ առավ հեղինակին, դրվատեց գրողի ազնիվ ձգտումը՝ բարձրացնելու հասարակական կյանքի ցավոտ մի հարցը։ Տյուսաբի ազատախոհ ձգտումները հովանավորեցին նաև Ա. Արփիարյանը, Հր․ Ասատուրը և ժամանակի այլ առաջադեմ մտավորականներ։ «Մայտայի» շուրջն ստեղծված բանավեճին չմասնակցեց Տյուսաբը, սակայն նա չընկրկեց իր դեմ կատարված

VIII