Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/15

Այս էջը սրբագրված է

հարձակումների դիմաց և չանցած մեկ տարի հրապարակեց իր երկրորդ վեպը՝ «Սիրանույշ», ուր նորից առաջադրեց կնոջ ազատության և ընտանիքի պրոբլեմը։ Վեպի առաջաբանում հեղինակը քննադատում է ամուսնության և ընտանիքի գոյություն ունեցող կարգը, որը կնոջը ենթարկել է ստրկության։ Առարկելով իր քննադատներին, գրողը ազդարարում է իր գաղափարների իրավացիության մասին և իրեն ներկայացնում որպես ճշմարտության ջատագով։ «Պարզ է ծրագիրս, մի է նպատակս, կինն ամուսին։ Մեծ է հավատքս, վասն զի համոզման մի վրա հիմնված է։ Մեծ է քաջությունս, վասն զի պարտականության գաղափարեն արտադրված է»։

«Սիրանույշը» վեպում Տյուսաբը կնոջ և ընտանիքի պրոբլեմը քննում է այլ ասպեկտով։ Եթե «Մայտայում» նա դնում է միայնակ կնոջ հասարակական գոյավիճակի հարցը, ապա այստեղ նա առաջադրում է ամուսնության և ընտանիքի պրոբլեմը, ցույց տալիս ընտանեկան բռնության տխուր պատկերը։

«Սիրանույշը» առաջընթաց քայլ էր հեղինակի համար՝ ստեղծագործական նվաճման իմաստով։ Այստեղ, ամենից առաջ ուշագրավ է հասարակական միջավայրի պատկերը, խորն է գրողի դիտողականությունը և լայն նրա տեսադաշտը։ Ընտանիքի և հասարակական միջավայրի պատկերներում ակնառու են ռեալիստական գույները, և հեղինակն ավելի է խորամուխ լինում ընտանիքի սոցիալական արմատների մեջ։ Վեպի առաջաբանում գրելով, թե «այսօր ամուսնություններն առավել փառասիրության և վաճառականության խնդիր դարձած են», Տյուսաբը գեղարվեստական պատկերներով բացահայտում է այդ երևույթի ողբերգական էությունը և անխնա մտրակում սեփականատիրական հասարակության ընտանեկան բարքերն ու կեղծ բարոյականությունը։ Հեղինակը մատնացույց է անում այն փաստի վրա, որ ընտանեկան բռնությունը հետևանք է դասային անհավասարության, որ կնոջ ազատության իրավունքն ավելի անխնա ոտնահարվում է վերին խավերում, ուր տիրապետում է հարստության և իրավունքի բռնի օրենքը։ Տյուսաբը մերկացնում է հայ ամիրայական վերնախավի սոցիալական-բարոյական դեմքը, մի խավ, որը բարձրացել է բռնության և հարստահարության լկտի եղանակների իրազործմամբ։ «Այս ամիրաները բռնավորաց դաս մի կը կազմեին, որոնց կամքերն օրենք էին, և որոշումները՝ վճիռ, ներքին ընտանեկան կենաց ինչպես և ազգային գործոց մեջ։ Անիրավություն, բռնաբարություն, կողոպուտ, ըստ հարկին զամեն ինչ կը գործեին իրենց ազդեցությունն գործագրելու և կամ հարստությունն ավելացնելու մտոք»։ Ամիրաները վերակազմվեցին ազնվականության, սակայն իրենց հետ բերեցին բռնության ու կամայականության ոգին, հարստահարության ու միահեծանության իրավունքը»։ Ո՛րտեղ կա դասային և սոցիալական անհավասարություն, այնտեղ անբաժանելի է անբարոյականությունն ու ընտանեկան բռնությունը, և ընդհակառակն, կնոջ ազատությունն ու հավասարությունը կարելի է փնտրել հասարակության ներքնախավերում, ուր անհասկանալի Է տիրելու և հարստանալու հոգեբանությունը, ուր ընտանիքը հիմնված Է ոչ թե շահի ու հարստության, այլ սրտերի առատ միասնության և անկաշառ զգացմուն-

IX