թյամբ, կնոջ և տղամարդու իրավունքների հավասարության քարոզով։ Վիպական կոնցեպցիայի մեջ Սիրանույշի տեղը չափազանց որոշ է. չէր կործանվի նա, չէր ոչնչանա Երվանդի տաղանդը, եթե Սիրանույշը ազատ լիներ իր զգացմունքների իրականացման մեջ։ Փոխադարձ սիրո, հավատարմության մթնոլորտում նա Երվանդի հետ կստեղծեր մի ներդաշնակ միասնություն և կհասներ երջանիկ կյանքի։ Սիրանույշն ազատ չէր ամուսնության հարցում, հայրը նրան բռնությամբ կապեց Դարեհյանի հետ, բայց արդյո՞ք նա ազատ էր ամուսնանալուց հետո։ Ո՛չ, փոխվեց միայն տերը, և նա դարձավ իր ամուսնու ստրուկը։ Իսկ ինչու՞ նա ստիպված պետք է լիներ տանելու անբարոյական ամուսնու պիղծ արարքները, ինչու՞ իրավունք չունենար ընդվզելու իր անվան ստորացման դեմ։ Որովհետև իշխող բարոյականությամբ օրինականացված էր տղամարդու բռնությունն ու կնոջ ստրկական հնազանդությունը։ Ինչպես օրենքի ուժ ուներ տիրոջ գերիշխանությունը ստրուկի հանդեպ, նույնպես և օրենքով հաստատված էր կնոջ ստրկական կախումն ամուսնուց։ Տյուսաբը ցույց է տալիս կրոնի և հասարակական օրենսդրության այս նողկալի բռնության հակահումանիստական էությունը և առաջադրում կնոջ՝ ապահարզանի իրավունքը։ «Ազատությունս բռնաբարած ես,― ասում Է Սիրանույշն ամուսնուն, ― երիտասարդությունս կը թարշամի, կզգամ թե կը մարի հիս՝ ինչ որ մտավորական հուր է և կ'իմանամ, թե կ'սպառի հիս ինչ որ սիրո հանք մ'էր։ Այդ ամեն բանի կը հանդուրժեմ, կը համակերպիմ, վասն զի ընկերությունն ինձ իրավունք չտար ընդդեմ վարմունքիդ բողոք բառնալու, վասնզի իրավունք չտար քեզմե բաժնվելու՝ կնոջ հպատակող հանգամանաց հակառակ չգործելու համար։ Եվ սակայն ընկերությունը չուզեր հաշվել հոգվույս ներքին կռիվը, պաշտոնքս, լքումս, դառնություններս և քեզմով կրած մարտիրոսություններս»։
Կանանց ազատության ձգտումը, ազատ սիրո երջանիկ բաղձանքը անհասկանալի էին ընտանիքի և հասարակության ինքնիշխան «հերոսներին»։ Հայնուռի և Դարեհյանի համար կանացի այդ մորմոքները հնչում էին իբրև անիմաստ և ցնորամիտ մի բան։ Ի՞նչ Է սերը եթե ոչ դատարկ մի ցնորք և ուրիշ ի՞նչ երջանկություն կարող Է լինել՝ հարստության վայելքից բացի․ «Կանացի արդի հավասարության պահանջումները դարուս նոր ախտերն են, որք ի վնաս ընտանեկան բարօրության կը ներգործեն։ Երբ կին մի հարստությամբ ու փառոք կապրի․ ի՞նչ կրնա առավելն փափագիլ»,— այսպիսին է Հայնուռի ըմբռնումը, այսպես էր դատում և Դարեհյանը։ Ամուր փականքի տակ դնել իրենց կանանց, դողալ իրենց ընտանեկան սրբության համար, բայց դրսում մխրճվել կրքերի և շվայտության մեջ, իսկ կնոջ ա– զատության իրավունքը անվանել անբարոյականության, այն, ինչ ներելի է տղամարդուն, սրբապղծություն համարեք կնոջ համար, այս է միահեծան տերերի բարոյական կոդեքսը։ Տյուսաբը մերկացնում է այս կեղծիքը, հաստատում այն ճշմարտությունը, որ անբարոյականությունը ծնվում է ոչ թե ազատությունից, այլ բռնության իրավունքից, քանի որ միայն ազատ սիրո վրա հիմնված ընտանիքը կարող է խուսափել անբարոյական կրքերի ներթափանցումից։ Ուր կա փոխադարձ սեր և հավասար իրավունք,