Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/196

Այս էջը հաստատված է

կյանքովն սկսավ ապրիլ՝ և զերծ մնաց Հռովմա լուծեն որ ժամանակ մի բաժինն եղավ գրեթե համայն քրիստոնեության։

Բայց վաղեմի Քաղկեթոնը՝ այժմյան Քատըքյոյը, ոչ օտար արշավանաց դեմ թումբ կը կանգնի այսօր, և ոչ ալ կրոնական վեճերու վկա։ Հեշտավայր մ՚է արդ ուր մարդս աչերը Մարմարայի մերթ հեզասահ և մերթ բարկացայտ ջուրերուն վրա տարածելով, մտածելով, երազելով, հառաչելով, օրհնելով, անիծելով կապրի, կը նվաղփ, կանցնի, կանհետանա աշխարհիս ու ես տեսարանին վրայեն։

1872 տարվան ամառվան օր մ՚ էր. համայն բնությունն սաստիկ ճնշված էր տաքեն, ծաղիկը գլուխը ծռած էր յուր ճյուղին վրա, տերևն անշարժ՝ չուներ և ոչ մրմունջ մի, թռչունն դալարազարդ հովանվույն ներքև կը հանգչեր անխոս, ուր մարդկանց կուրծքին ելևէջը կը հայտներ թե ո՛ր աստիճանի ամենքը կարոտ էին վերջապես սակավ ինչ զովության։ Օրն կը հառաջանար, ու Քատըքյոյի արևմտյան հանդիպակաց լեռներուն գագաթը ոսկեծիր գոտին մի շրջապատելով բոսորագույն շողով կը ներկեր զՄարմարան որ լուսեղեն ալիքներ կը թավալեր ամեն ուրեք։

Ձկնորսին նավակը՝ իբրև շարժուն կղզի, մերթ կը տատաներ այդ շողուն հատակին վրա, և մերթ անոր վրայեն սուրալով կանհետանար իբր ստվեր։ Երեկոյան ժամն էր ուր արեգակն յուր հրաժեշտի ողջույնը կուտար բնության, և լուսինը՝ զինքը նսեմացնող հրացայտ բռնավորին հեռանալը դիտելով, արևելյան հորիզոնին վրայեն կերևար, և գոհունակության նայվածք մի կարձակեր երկնային նսեմ դաշտերուն վրա ուր աներկյուղ պիտի գահակալեր։ Ժամն էր ուր հոգնաբեկ հոգին՝ օրվան աղմուկեն և ճնշող ջերմութենեն ու արեգական ակնախտիղ պայծառութենեն ձանձրացած աղու շող ու զովացուցիչ հով մի կը փնտրեր ի հանգստություն, տխրախառն գոհունակության հառաչ մ՚ արձակելով։

Մինչ լռություն կը տիրեր բնության մեջ, և լուսինը կը փայլեր բոլորաձև, Քատըքյոյի մի բարձրադիր շքեղ բնակարանին պատուհաններեն լույս կը ցոլար, նույնպես և պարտեզեն ուր այլ և այլ գունեղ կանթեղներ՝ իբրև շողշողուն ծաղկունք